Փորձ են անում այս իշխանությանը ինձ եւ ինձ պես ակտիվ քննադատողներին լռեցնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը։
Նշենք, որ դատարանում ընթանում էր Շիրինյանի գործով հերթական դատական նիստը։ Այսօրվա դատական նիստին հարցաքննվել են գործով վկաները, այդ թվում՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը, ում հաղորդման հիման վրա էլ Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել։
«Իրենց շատ է անհանգստացնում «արնահեղություն» բառը, բայց բովանդակությունը չեն կարողանում հասկանալ։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը սեւեռված գնում էր «Եռաբլուր», հիշում եք, որ այնտեղ ընդդիմադիրներից մի քանիսին ծեծի ենթարկեցին, քթից եւ շուրթից արյուն էր հոսում, դա արյունահեղությո՞ւն չէր։ Սրանց ձեռնտու չի ունենալ հասարակության մեջ մեզ պես մարդիկ։ Իրենց պետք է անորոշ, գորշ մթնոլորտ, որ իրենց գորշությունն ակնհայտ եւ ցցուն չկարողանանք դարձնել»,- նշեց Շիրինյանը։
Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Սայաթ Շիրինյանը պատմեց, որ մինչեւ ոստիկանության աշխատակցի՝ հաղորդում ներկայացնել, վերջինս զանգահարել է Շիրինյանին.
«Նա խնդրել էր շատ բարեհամբույր, որ պարոն Շիրինյան, խնդրում եմ ձեզ, ձեզ ճանաչելով, իմանալով ձեր սկզբունքայինությունը, բայց Փաշինյանի վերաբերյալ գրառում կա, խնդրում եմ ձեզ այդ գրառումը հեռացրեք։ Քանի որ խնդրանքը շատ տեւական հնչեց, ես ասացի՝ լավ, այս մի գրառումը կհեռացնեմ, բայց այսուհետ հիշիր եւ հանկարծ ինձ չփորձես զանգահարել։ Սրանք էն են, որ ինչ հանձնարարություն տալիս են, ասում են՝ ես կանեմ, հետո ընկնում են կրակը, գալիս են դատարանի դահլիճ ողորմելի հորթուկի նման են կանգնում, բա Ոստիկանության բաժնի պետն այսքան չիմացությամբ, մասնագիտությամբ իբրեւ իրավաբան, սենց խեղճ ու կրակ վիճակի մեջ պետք է հայտնվե՞ր»։
Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):











