Ապրիլի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ապօրինի պահվող թմրամիջոց ու ատրճանակ հայտնաբերեցին: Քրեական հետախույզները ժամը 15.30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցից բերման ենթարկեցին Չարենցավան քաղաքի 38-ամյա մի բնակչի, մեքենայով հանդերձ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 95 մգ տարողությամբ հինգ տարա՝ թափանցիկ լուծույթով, որը, ըստ բերման ենթարկվածի, մեթադոնային լուծույթ էր, պատրաստել էր իր օգտագործման համար:

Րոպեների տարբերությամբ ոստիկանները նույն փողոցից, դարձյալ մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 47 տարեկան տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված:

Հետագա միջոցառումների արդյունքում 47-ամյա տղամարդը տնից ներկայացրեց առանց թույլտվության 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են: