Արարատի մարզի Զոդի կամրջի վրա շուրջ երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին։ Այսօր դատարանում հնչեց դատախազի մեղադրական ճառը։ Նա պահանջեց Սողոմոն Հակոբյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման։

«Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունը կատարելու համար մեղավոր ճանաչել եւ նրան դատապարտել ազատազրկման 8 տարվա ժամկետով, նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարել 3 տարի ժամկետով»,- իր ճառում նշեց Սողոմոն Հակոբյանը։

Ճառով հանդես եկան նաեւ տուժողների իրավահաջորդները։

«Եթե ինքն իր մեղքը չի ճանաչում, ապա լավ բան չես անում Սողոմոն Հակոբյան։

7 զոհն իր ամբողջ կյանքի մեջ բեռ լինի։ Նրանք նոր էին կյանք մտել, նոր էին ամուսնացել, իրենց վառեց։ Վերեւն Աստված կա, կպատժի քեզ։

Պարոն Հակոբյանը մեզ պատճառել է ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեբանական վնաս։ Ցանկանում եմ, որ նա ստանա իր իսկական պատիժը, որ նա մեզ էսպես պատժեց, դաղեց մեզ»,- իրենց ճառերում նշեցին տուժողների իրավահաջորդները։

Տուժողի իրավահաջորդ Տիգրան Ավետիսյանն էլ ասաց, որ իրենք մինչեւ այսօր էլ ողբերգական դեպքից հետո շոկի մեջ են. «Մենք շոկի մեջ ենք առ այսօր, չենք պատկերացնում՝ ինչ կատարվեց։ Պաշտպանական կողմը բազմաթիվ միջնորդություններով դատարաններ է ներկայացրել՝ Հակոբյանին ազատ արձակելու։  Կուզեի ասել՝ նախեւառաջ եղեք մարդ, գնահատեք մարդու վիշտը, այն ինչ-որ դուք հոգեբանական, նյութական, բարոյական վնաս հասցրիք 7 ընտանիքներին եւ 2 վիրավոր անձանց»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին այդ կամրջի վրա միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել։ «ԳԱԶԵԼ»-ի ուղեւորներից 7-ը հրդեհի հետեւանքով մահացել էին, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը։ Նա հենց դեպքի օրը ձերբակալվել էր, եւ, չնայած նրա պաշտպանների բազմաթիվ բողոքներին, նա մինչեւ հիմա կալանքի տակ է։ Ըստ մեղադրանքի՝ Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման պահանջները, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Սողոմոն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։