Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում լարված իրավիճակ է, բողոքի ակցիա են իրականացնում դպրոցի աշակերտների ծնողները: Հիշեցնենք, որ այս դպրոցում տնօրենի արդեն մի քանի ընտրություն է տեղի ունեցել, սակայն տնօրեն չի ընտրվել: Քաղաքապետարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դիանա Մինասյանին, որը ըստ լուրերի՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է: Տնօրենի հաջորդ ընտրությունը նախատեսված է այսօր՝ ապրիլի 14-ին:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին դպրոցի դռները փակել են, աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ. «Դռները փակվել են դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանի հրամանով: Շատերը պատուհաններից են դուրս նայում: Հիմա եթե մի արտակարգ բան լինի, կթողնեն ծնողների վրա: Նույսնիկ իրենց թեկնածուներից մեկը եկավ, քաղաքապետարանի աշխատակիցը եկավ, չթողեցին: Մոբիլիզացնում են, ուզում են իրենց ուզածն անեն: Աստծո սիրուն, թող նշանակեին, ուղարկեին տնօրենին: Սա քաղաքականացված չի, սա ինքնաբուխ ակցիա է:

Կան օդում կախված լուրեր, որ  ինչ պայքար էլ տանենք, տնօրենը լինելու է Դիանա Մինասյանը: Ինչո՞վ է դա պայմանավորված: Քանդեք մեր երկիրը, խնդրեմ»,-ասաց նա:

Ծնողները նաեւ ասացին, որ դարպասները եւս փակել էին եւ ծնողներին չեն թողել, որ ներս մտնեն դպրոցի տարածք:

«Տնօրենի ժպ-ն արդեն 20 օր չի կարողանում կազմակերպել դպրոցում կարգուկանոնը: Խաթարված է դասպրոցեսը, երեխաների անդորրը: Կան ահազանգեր ու  նույնիսկ սպառնալիքներ, որ եթե երեխաները խելոք չմնան, բոլորի անձնական գործերը դրվում է  տնօրենի ժպ-ի սեղանին, բոլորին ասվում է՝ առջեւում քննություններ կան, հանկրծ այլեւայլություններ չանեք: Հետո գործը կհասնի ծնողներին:

Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այս մի թեկնածուով ներկայանում մրցույթին: Տեսնում է, որ չենք սիրում, չենք ընդունում»,-ասաց ծնողներից մեկը եւ կոչ արեց ՄԻՊ-ին գալ դպրոց, քանի որ յստեղ երեխաների իրավունքներն են խախտվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին եւս Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել նախ դպրոցի մոտ, ապա Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականությունները կատարում է Դիանա Մինասյանը, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։

Բանն այն է, որ դեկտեմբերին լրացել է դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պշտոնավարման 5 տարի ժամկետը: Օրենսդրության համաձայն հոկտեմբերին տեղի է ունեցել մրցույթ, որի ժամանակ տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գայանե Սարուխանյանը, դպրոցի ուսմասվար Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որը դպրոցում չի աշխատում, այլ դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ըստ տարածված լուրերի Դիանա Միասյանի ամուսինը  նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերն է:

Երեք անգամ մրցույթ է տեղի ունեցել, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել: Քաղաքապետարանն իր ձայները տվել է Դիանա Մինասյանին, ուսուցչական անձնակազմը եւ ծնողական կոմիտեն իրենց ձայները տվել են Գայանե Սարուխանյանին, իսկ Տաթեւիկ Մելքոնյանի օգտին քվեարկել է միայն ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները:

Քանի որ դեկտեմբերին լրացել էր Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը, նրա լիազորությունները դադարել են եւ քաղաքապետարանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսմասված Տաթեւիկ Մելքոնյանը:

Դեկտեմբերից մինչ ապրիլի 1-ը նա պաշտոնավարել է որպես տնօրենի ԺՊ, սակայն ապրիլի 1-ին նամակ է ստացել քաղաքապետարանից, որ որեւէ բան չստորագրի որպես ԺՊ, որովհետեւ այլ մարդ է նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:

Սա անակնկալ է եղել ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների համար, ինչն էլ առաջացրել է նրանց վրդովմունքը:

Նշենք, որ տնօրենի նոր ընտրությունը կայանալու է ապրիլի 14-ին, որին առաջադրվել է 4 թեկնածու՝ Տաթեւիկ Մելքոնյանը, Դիանա Մինասյանը եւ եւս երկու ուսուցիչներ այլ դպրոցներից:

Հիշեցնենք, որ ըստ օրենսդրության, դպրոցի տնօրեն ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի ներկայացուցիչ, այսինքն քաղաքապետարանից, 1 հոգի նախարարությունից։