Ապրիլի 10-ին Վարդենիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության մասին տեղեկություններ էին ստացել, որոնք իրացվեցին Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառմամբ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարճաղբյուր գյուղում հայտնաբերվեցին ու, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վարդենիսի բաժին բերման ենթարկվեցին 26 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Նոր Հաճն քաղաքի, մյուսը՝ Ալավերդու բնակիչ:

Նոր Հաճնի բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, մեթադոնային լուծույթ, կանեփանման զանգված և 2 կաթուցիչ՝ մոխրացած զանգվածով:

Ըստ նրա՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանից՝ ինտերնետային կայքի միջոցով:

Իրավապահները պարզեցին նաև, որ երիտասարդը թմրանյութի մի մասը լցրել էր կաթուցիչների մեջ, մեկն ինքն էր օգտագործել, մյուսը իրացրել էր լոռեցի ընկերոջը:

Վարդենիսի ոստիկաններն օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակեցին։ Ապրիլի 12-ին ոչ միայն պարզեցին մեթադոնային լուծույթը իրացնողի ինքնությունը, այլև նրան Երևանի Ավան թաղամասում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ 51-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ տարաներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։