Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշեց այս տարվա մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 750.192.000 դրամ գումար:

Ժամանակի սղության պատճառով առաջնության նախապատրաստման և անցկացման համար մնացած սեղմ ժամանակահատվածում միջոցառումը ժամանակին կազմակերպելու և չձախողելու համար, նաև հիմք ընդունելով  միջոցառման վրա տարվող աշխատանքների ծավալը՝ անհրաժեշտություն է առաջացել գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով, որը հնարավորություն կտա ժամանակին կազմակերպել և իրականացնել միջոցառումը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այդ գումարը կուղղվի բրենդավորման եւ այլ ծախսերի իրականացման, գովազդային, տպգրական եւ սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման հանդիսավոր արարողության եւ մրցաշարի ընթացքում միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռբերմանը:

Նրա խոսքով, առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 400 անձանց մասնակցություն:

Առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր:

Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակույթային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակութաին կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով  տնտեսությանը համընթաց զարգացմանը:

Վահրամ Դումանյանը հավելեց, որ այս առաջնություն իր ծավալով ու նշանակությամբ աննախադեպ է, նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել:

ԲՎարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ թեեւ սա իրականացվում է մեկ անձից գնում ընթացակարգով, բայց իրականացվել է գնային հարցում 6 ընկերությունների, նրանցից երեքը դիմել են իրենց առաջարկներով եւ հանձնաժողովի քննարկման արդյունքում ընտրվել է այս ընկերությունը:

Նշենք, որ մրցաշարը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրում: