Միջազգային հանրության մասին Փաշինյանի հնչեցրած թեզերի քողի ներքո Ռուսաստանին կրկին փորձում են դուրս մղել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից։ Այս մասին ապրիլի 15-ին քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում ազդեցության ոլորտների բաժանում է տեղի ունենում, եւ հակամարտությունների արդյունքում միաբեւեռ աշխարհին կփոխարինեն 6-7 պետություններ, որոնք որոշիչ դեր կխաղան տարբեր տարածաշրջաններում։
«Աշխարհի՝ տարբեր ճամբարների բաժանում է նկատվում, եւ Փաշինյանը, հավանաբար, իրեն եւ Հայաստանին ռուսական ճամբարում չի տեսնում»,- հավելեց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ Փաշինյանը Փառուխի դեպքերի հետ կապված մեղադրեց Ռուսաստանին՝ հայտարարելով ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննելու անհրաժեշտության մասին, վերջին օրերին նա սկսել է հրապարակայնորեն մեղադրել ՀԱՊԿ-ին, թեեւ հենց Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման օրերին նման քննադատություն չէր հնչել:
«Բացի այդ, անհամապատասխանություն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, թեեւ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կոշտ առճակատման պայմաններում անհնար է պատկերացնել, որ հանուն հայ ժողովրդի նրանք կթողնեն իրենց տարաձայնությունները, կնստեն սեղանի շուրջ եւ միասնական հարթակ կձեւավորեն:
Իսկ միջազգային հանրությանը հղումներն ընդհանրապես հիմք չունեն, քանի որ միջազգային հանրություն չկա, այն քանդվել է։ Դա բնակչության գիտակցությունը հերթական անգամ մանիպուլացնելու փորձ է։ Փաշինյանը Եվրոպա կատարած այցից հետո ակտիվորեն սկսեց առաջ մղել գոյություն չունեցող միջազգային հանրությանն աջակցելու մասին թեզերը։ Դա ոչ այլ ինչ է, քան միասնական Արեւմուտքի դիրքորոշումը։ Փոքր ազգերն ամենաշատն են տուժում, երբ չկա միջազգային հանրություն եւ դաժան բախումներ են տեղի ունենում։ Որպես օրինակ՝ կարելի է նշել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Չի բացառվում, որ կոնֆլիկտն Ուկրաինայից կտարածվի այլ տեղեր, ինչից եւ կարող են օգտվել մեր հակառակորդները, ինչպես եղավ 1915-ին»,- ասաց Կիվիրյանը։
Նա ընդգծեց, որ 2018 թվականից հետո Փաշինյանն ու Ալիեւն անձնական կապեր հաստատեցին եւ Ռուսաստանին որոշ չափով դուրս բերեցին գործընթացներից, ինչը նրա չեզոք դիրքորոշման պատճառ դարձավ 2020-ին:
«Ադրբեջանին հաջողվեց համոզել Նիկոլին, որ կարելի է ինքնուրույն բանակցել, օրինակ՝ վերելակում։ Իբր՝ մեզ ինչի՞ են պետք միջնորդները։ Դրանից հետո Ռուսաստանը մի կողմ քաշվեց, Հայաստանը մնաց մենակ եւ Ադրբեջանը միանգամից հարձակվեց։ Չի բացառվում, որ մենք հիմա էլ կարող ենք նմանատիպ իրավիճակում հայտնվել։ Ակնհայտ է, որ Նիկոլը կրկին ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել ադրբեջանցիների հետ»,- եզրափակեց փորձագետը։











