Բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով վարույթն իրականացնող մարմինը փորձում էր շարունական կալանքի տակ պահել Աղվան Հովսեփյանին։ Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի  փաստաբանական թիմի ասուլիսին հայտարարեց նրա փաստաբաններից Աննա Մանթաշյանը:

«Որպեսզի կարողանան կալանքը հիմնավոր պահել եւ արդարացնել այսքան երկար նախաքննությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշեց Աղվան Հովսեփյանին հասցեագրել մի հանցավոր արարք, որը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահման դրությունը։ Աղվան Հովսեփյանը ցանկացել է Բյուրական համայնքի իր տանը հարակից հողեր ձեռք բերել։ Այդ մասին ցուցմունք է տվել համայնքի նախկին ղեկավարը եւ նշել, որ ընդհանուր խոսակցության ժամանակ Հովսեփյանը նման ցուցմունք է տվել։ Նա նաեւ նշում է, որ իր նկատմամբ որեւէ ճնշում չի եղել։ Նախաքննության ընթացքում որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որեւէ ցուցմունք գոյություն չունի, որ Աղվան Հովսեփյանն ավագանու որեւէ անդամի դիմել է հողեր ձեռք բերելու ցանկությամբ»,- ասաց նա։

Փաստաբաններից Երեմ Սարգսյանն էլ  հայտարարեց, տարբեր մասնագիտական հարթակներից գալիս են ահազանգեր, որ Աղվան Հովսեփյանի գործը շտապ ուղարկում են դատարան, որովհետեւ չեն կարողանում դատական համակարգը մակագրության խնդիրն ավելի ձգել. «Այսինքն՝ շուտ պետք է ուղարկեն դատարան, որ համակարգը գործարկեն։ Երբ որ մակագրեն կստանան իրենց ուզած արդյունքը»։

Փաստաբանը հավելեց, որ չի եղել որեւէ նախկին պաշտոնյա որը ցուցմունքը տվել ասելով, որ Աղվան Հովսեփյանը օգտագործել է  իր պաշտոնեական դիրքը:

«Աղվան Հովսփյանի նկատմամբ մոտ մեկուկես տարի ոչինչ չկարողացան հայտնաբերել, բայց քանի որ խնդիրն ավելի սուր դրվեց որովհետեւ դու արդեն կողմնորում ունես, ասում ես, թե ում դեմքով ես տեսնում պետականության ամրապնդում, որը գործող իշխանությունը չի, ուրեմն դու թշնամի ես։ 2018 թվականից Աղվան Հոսվեփյանը որեւէ պաշտոն չի զբաղեցրել, երկրում հեղափոխություն է եղել եւ Աղվան Հովսեփյանն այլեւս չէր կարող իշխանական լծակ օգտագործել, բա ո՞ւր էր Վարշամ Ղարիբյանը մինչեւ 2021 թվականը, որ գար ասեր իմ գույքը վատնել են։ Գուցե հույս են տվել, որ այդ գույքը դու հետ կստանաս, բայց մենք ունենք փաստական տվյալներ թե ինչու են այս մարդիկ նման վարք դրսեւորել»,- ասաց փաստաբանը։