Արցախի ՄԻՊ-ի արձագանքից հետո զրուցել ենք Արցախի ներկայացուցչի հետ և փոխանցել, որ կարևորում ենք իրենց անդրադարձը մեր այս քայլին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողներին ասաց Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլ իրականացնող, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը։
«Երեկվանից մեզ մոտեցել են բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ասում են՝ եկել ենք, ի՞նչ անենք: Մենք ասում ենք՝ ամեն օր, օրինակ այսօր 19.30-ին հավաքվեք այստեղ, ունենում ենք հանրային քննարկում: Դրանք մարդիկ են, որոնք զգուշանում են կուսակցական անձանց մոտենալ, մեզ մոտ են գալիս: Ասում են՝ ամեն վայրկյան պատրաստ ենք դուրս գալ փողոց, բայց X մարդու հետ չենք ուզում։ Ասում են՝ գալիս ենք ձեր կողքը կանգնենք գաղափարի և ոչ թե առանձին անձերի համար։ Սա աճող պրոցես է:
Այս առումով դրական ազդակներ կան, վստահ եմ, որ այդ երիտասարդները էլի են գալու։ Այն երիտասարդները, ովքեր մինչ այս պահը տատանվում էին, հիմա իրենք էլ են։ Հայրենասիրությունը բացարձակ արժեք է և ծիծաղելի է, երբ այն իջեցվում է անձերի մակարդակի»,- ասաց Արթուր Ավագյանը։
Հացադուլ իրականացնող Նվեր Կիրակոսյանը նշեց, որ երեկ իրենց այցելել են ՄԻՊ գրասենյակից. «Քննարկել ենք ծածկի հարցը, ասել ենք, որ պատրաստվում ենք ոստիկաններին դիմել ծածկերի հարցով։ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ եթե ոստիկանները չթողնեն վրաններ տեղադրել, ապա դիմենք իրենց»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։











