Որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես մտահոգ քաղաքացի Արցախի պետականության և մեր հայրենակիցների՝ Արցախում ապրելու իրավունքի, գտնվում եմ այստեղ, սատարում եմ հացադուլ անող ընկերներիս, բոլոր մեր գաղափարակիցներին, որոնք միանում են բացարձակ արժեքները կրելուն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը։
Նա կոչ արեց անկախության սերնդի ներկայացուցիչներին այսօր ժամը 19։30-ին գալ Ազատության հրապարակ՝ գեներացնելու իրենց մտքերը, գաղափարները կախված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, կրելու, պահպանելու, հարկ եղած դեպքում պաշտպանելու համար։
Մնացական Ավետիսյանը նշեց, որ հացադուլի գլխավոր նպատակներից է հասկանալ այն դրդապատճառները, որոնք ստիպում են երիտասարդներին հանգիստ շրջել փողոցներում՝ մտածելով, որ այն ինչ կատարվում է, նորմալ է. «Արցախում պատերազմի ժամանակ մենք պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն գաղափարը, ինչի համար կռվել ենք»,-ասաց նա:
Հարցին, թե որն է իրենց օրակարգը 44-օրյա պատերազմի մասնակիցը պատասխանեց. «Մեր օրակարգն է ֆիքսել, որ Արցախի պետականությունը, մեր հայրենակիցների՝ Արցախի իրենց պատմական հողերում ապրելու և արարելու իրավունքը բացարձակ արժեք է։ Մենք այս պրոցեսով ցանկանում ենք հասկանալ՝ կհավաքվի՞ արդյոք այդ կրիտիկական զանգվածը, կրո՞ւմ են մարդիկ այդ արժեքները մեր հետ, կիսո՞ւմ են այդ գաղափարները, թե՞ ոչ։ Իսկ հետագայի հետ կապված, արդեն ձևավորված ուժի շրջանակներում՝ հետագա պրոցեսների հետ կապված կտեղեկացնենք հավելյալ»։
Մնացական Ավետիսյանը նշեց, որ ամեն օր լինելու է Ազատության հրապարակում՝ հացադուլ իրականացնող տղաների կողքին։











