Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«2021 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ`նախորդ տարվա համեմատ մոտ 300-ով ավելի: Այդ 1698 անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձ»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար:

«Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունը բավականին երկար ժամանակ քննվող քրեական գործեր են: Ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է և որպես կանոն դա շատ հաճախ պայմանավորված է նաև հատուկ գիտելիքների կիրառմամբ, այսինքն` փորձաքննությունների նշանակմամբ, որն էլ բերում է քննության երկարատևության:  Դրա համար մենք դեռևս  1-1.5 տարի առաջ հարուցված քրեական գործերով իրական արդյունքները տեսնում ենք շատ ավելի ուշ: Համեմատության համար նշեմ, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում: Դա վկայությունն է նրա, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը արդեն մոտենում են իրենց հանգուցալուծումներին»,- եզրափակեց Դավթյանը:

Նշենք, որ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Գլխավոր դատախազը նիստի ընթացքում կներկայացնի հանցավորության կառուցվածքը, շարժընթացը, հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման, ՀՀ զինվորական դատախազության գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության, միջազգային-իրավական համագործակցության և իրավական ապահովման, քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման և հանրային կապերի ոլորտները: