Ապրիլի 25-ից ընդդիմությունը ցանցային ապակենտրոնացված պայքարով կսկսի ակտիվ գործողությունների փուլը, եւ պայքարը չի դադարի։ Այս մասին ապրիլի 22-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա պարզաբանեց, որ խոսքը «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքների եւ այն ուժերի մասին է, որոնք առաջնորդվում են Հայաստանի եւ Արցախի շահերի առաջմղմամբ։

«Թե ինչ է դա իրենից ներկայացնում, կտեսնեք ապրիլի 25-ից: Ամենակարեւորը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն է ակցիային՝ իր բակում, սոցցանցերում, անտարբեր մնալ չի կարելի»,- ասաց Վանեցյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ հիմնական նպատակը գործող իշխանությունների հեռանալն է, պետականության վերականգնումը, անվտանգության խնդիրների լուծումը, հզոր Հայաստանի, հզոր Արցախի կառուցումը, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը: Նա պատրաստակամություն է հայտնել հրաժարվել պաշտոններից ներկայիս իշխանությունների հեռանալուց եւ պետականամետ ուժերի գալուց հետո։ «Ստեղծված իրավիճակում դա լուրջ պատասխանատվություն է։ Անհաջողության դեպքում մարդում, պատկերավոր ասած, մահապատիժ է սպասվում։ Հարցը քաղաքական հայացքների մասին չէ, պետք է վերականգնել պետությունը, որպեսզի հնարավոր լինի պայքարել արտաքին ու ներքին սպառնալիքների դեմ։ Ես չէի պատկերացնում, որ մեր ակցիան այդպիսի ազդեցություն կունենա մարդկանց գիտակցության վրա։ Մենք հասկացանք, որ նրանք խաբված են, եւ, օգտվելով դրանից, Նիկոլն ու իր թիմը Հայաստանի շահերին դեմ քայլեր են անում։ Մարդիկ ասում են, որ մենք թշնամուն տալու բան չունենք: Նստացույցի մեկնարկը ինքնաբուխ էր, բայց մենք հասանք մեր նպատակին, մարդիկ արթնացան, եկան հրապարակ եւ հայտնում են իրենց մտահոգությունը։ Սա քաղաքական ակցիա չէ, սա պայքար է մեր հայրենիքի համար»,- շեշտեց քաղաքական գործիչը։