Պարոն Ջհանգիրյանի պաշտոնավարման վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ մինչև նրա ընտրվելը. գտնում եմ, որ նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի աշխատանքը։
Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում կան հրապարակումներ, որ Ջհանգիրյանը կարողացել է որոշ դատավորների «իրենով» անել և այժմ էլ պատրաստվում է հրաժարվել պաշտոնից, Վարդազարյանն ասաց. «Եթե նա կարողացել է դատավորներին իրենով անել, ապա ես գնահատում եմ, որ դա ոչ թե պարոն Ջհանգիրյանի, այլ էդ դատավորների մեղքն է։ Եթե այդքան շուտ և հեշտ կարող էին կոտրվել, ապա երևի թե այդ մարդիկ արժանի չէին դատավորի բարձր կոչմանը»։
ԲԴԽ՝ իր վերադարձը Ռուբեն Վարդազարյանը համարեց անհնար, մինչև իր նկատմամբ հարուցված քրեական գործը չավարտվի։
Նա նշեց, որ ըստ օրենքի, եթե Ջհանգիրյանը հեռանա, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար կդառնա ԲԴԽ-ի տարիքով ավագ անդամը, իսկ դա Ստեփան Միքայելյանն է:











