Վերջին օրենսդրական փոփոխությունների ներքո ԲԴԽ-ն դարձել է քաղաքական կամ կիսաքաղաքական մարմին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը
«Վճռաբեկ դատարանի որոշ դատավորներ նույնպես կիսաքաղաքականացված են, մնացել է Դատավորների միության այս հարթակը, որը դատավորների իրավունքներով զբաղվող միակ գործուն միջոցն է», - ասաց նա:
Ռուբեն Վարդազարյանը
Անդրադառնալով նրան, որ ԲԴԽ-ն թույլ տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, Վարդազարյանն ասաց, որ ինքը գործի նյութերին ծանոթ չէ եւ չի կարող հստակ ասել, որ եթե ինքը լիներ ԲԴԽ-ում, թույլ կտա՞ր, թե թույլ չէր տա:
«Իմ ասածը 100 տոկոսանոց ճշմարտություն չընկալել, բայց երեւի թե կալանքի թույլտվությունը շատ խիստ մոտեցում էր: Երեւի թե, եթե ես լինեի, թույլ չտայի, բայց քրեական հետապնդում իրականացնել-չիրականացնելու մասով, եթե ԲԴԽ-ն արգելում է քրեական հետապնդում իրականացնել, այդ դեպքում ԲԴԽ-ն պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ անձը չի կատարել որեւէ հանցագործություն: Այս պարագայում կարծում եմ՝ քրեական հետապնդում թույլ տալու որոշումն իրավաչափ է, իսկ կալանքի որոշումը չափազանց խիստ»:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։











