Փակ դռների հետեւում ոչինչ չկա, ինչպես ներկայացնում են ընդդիմադիր մեր գործընկերները, ամեն ինչի մասին հասարակությունը տեղեկացված է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ին հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ի տարբերություն իրենց, ներկա իշխանությունները ավելի պարզ, ավելի թափանցիկ են բանակցում եւ դրա մասին եւ դրա մասին մեր հանրությանը տեղեկացնում: Այսօր մենք ձգտում ենք խաղաղության օրակարգի, խաղաղության հաստատման, որպեսզի մեր պտությունը վերականգնվի, մեր բանակը վերականգնվի, հզորանալու համար ունենալով նաեւ անվտանգության երաշխիքներ»,-ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ ենք Թուրքիայի հետ գնալ խաղաղության, այն դեպքում, երբ նախօրեին Ուրուգվայում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայերի ցույցի մասնակիցներին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել, Քաոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Չավուշօղլուն ինչ է ցույց տվել, բայց այն, որ մենք պետք է գնանք խաղաղության եւ դրա համար պետք է քայլեր անենք, դրանում վստահ եմ»:

Պատգամավորի խոսքով, հայ-թուրքական բանակցություններում դրականն այն է, որ Հայաստանն ուզում է, որ տարածաշրջանմը խաղաղ լինի. «Եթե կան Հայաստանում շրջանակներ, որ չեն ցանկանում խաղաղություն, որովհետեւ դա իրենց շահերից չի բխում, դա այլ հարց է: բայց որ մեր ժողովրդին անհրաժեշտ է խաղաղություն, այդ հարցը հստակ է, ես վստահ եմ»:

Հարցին, թե այս դեպքում նոր պատերազմի վտանգ չի՞ տեսնում, Բաքոյանն արձագանքեց. «Մենք պետք է ցանկացած պատերազմի վտանգ չեզոքացնենք, այլ ոչ թե հրահրենք նոր պատերազմ մեր երեխեքի կյանքի  գնով: Ցավում եմ, որ էլի կան ուժեր, որոնք ամեն հնարավոր բան անում են նոր պատերազմ սկսելու: Այդ ուժերի անձանց երեխաների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ չեն, երկքաղաքացիներ են եւ հենց պատերազմի ժամանակ էլ լքում են երկիրը»: