Այս պահին Ադրբեջանի հետ սահմանագծման–սահմանազատման աշխատանքներ իրականացնելու համար ձևավորվելիք հանձնաժողովում ԱԱԾ–ի մասնակցության մասին տեղեկություն չկա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը կարող էր անել այնպես, որ զոհեր չլինեին, բայց նույն իրավիճակը լիներ, ԱԱԾ–ն այդ հայտարարությունը ուսումնասիրե՞լ է, թե ոչ, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց․« Ես կուրսի չեմ»։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությանը, թե եթե ԱԱԾ նախկին ղեկավարը (Արթուր Վանեցյանը-խմբ) միտինգներ է անում, նշանակում է ազգային անվտանգության լուրջ խնդիր կա եւ ԱԱԾ տնօրեն Աբազյանը պետք է այցելի նրան, Տիգրան Հարությունյանն ասաց. «Չեմ կարծում, որ այդտեղ խնդիր կա»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ասել էր․«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը` իհարկե առանց զոհերի»։











