Իմ որդին՝ Մովսես Սարգսյանը, 41 օր պայքարել է, հրթիռահրետանային հաշվարկող էր, նոյեմբերի 6-ին ուղարկել են Շուշի, որտեղ էլ զոհվել է. ԱԹՍ-ն հետապնդել է, իրենք փորձել են մեքենայով փախչել, եւ մխրճվել են ծառի մեջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մովսես Հարգսյանի մայրը՝ տիկին Աիդան:

«Մենք համախմբված պահանջում ենք, որ վերջապես պատժվեն բոլոր մեղավորները, որոնք կանգնած են այս ամենի հետեւում: Ինչու պետք է մեր երեխաներն այսօր մեր կողքին չլինեին: Նրանք էլ էին ուզում ապրել, արարել, ոսկե սերունդ էր: Նրանք այնքան լավ բաներ կանեին երկրի համար, սակայն թույլ չտվեցին: Մենք քաղաքական պահանջ չունենք, մենք պահանջում ենք, որ մեղավորները պատժվեն:

Հույս ունենք՝ այս պայքարից որեւէ օգուտ կլինի: Մեզ համար շատ դժվար էր, մենք ուշքի չինք գալիս, հիմա էլ ուշքի չենք գալիս: Ապրել չի լինում, ու որոշեցինք, որ այսօր համախմբված պետք է դուրս գանք եւ մեր պահանջը ներկայացնենք»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարող էին կանգնեցնել պատերազմը, կլիներ նույն վիճակը, բայց առանց զոհերի, տիկին Աիդան ասաց. «Այդ հայտարարությունը լսելուց հետո իմ զայրույթը 100-ապատիկ ավելացավ: Իհարկե, ներկայիս կառավարությանն եմ ես մեղադրում, եւ ի սրտե ուզում եմ, որ պատժվեն ամենադաժան ձեւով: Դրանից գոնե մի փոքր մեր հոգիները կթեթեւանա: Մեր երեխաների արյունն իրենց վրա»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։