Տղաս ասում էր՝ էս ինչ խայտառակություն է, չեմ ուզում Արցախն աչքիս առաջ կորցնել:  Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհված Հայկազ Մկրտչյանի մայր՝ Աննա Մկրտչյանը:

«Հայկազը վիրավորվել է հոկտեմբերի 29-ին, մեկ օր ման ենք եկել: Հաջորդ օրը՝ իր ծննդյան տարելիցն էր Մուրացանի հոսպիտալում գտանք: 12 օր մնաց հիվանդանոցում,  այդպես էլ ուշքի չեկավ, և ամսի 9-ին՝  պայմանագիրը ստորագրելու մեկ ժամ առաջ սիրտը կանգնեց»,- ասաց  Աննա Մկրտչյանը: 

Նրա կարծիքով՝ արցախյան վերջին պատերազմը արհեստականորեն հրահրված պատերազմ էր. տղաներին տարան Հադրութ, բայց Հադրութը արդեն մերը չէր: 

«Ինչի՞ պետք է մեր տղաներին տանեին հանձնած տարածք: Ընդամենը քսան հոգի մարդը ի՞նչ պետք է աներ այնտեղ: Երեխեքը ինչի՞ պետք է չիմանային՝ ո՞ւր էին գնում: Տղես ասում էր՝ եթե չլինի Արցախը չենք լինի նաև մենք, մեր տունը, Հայաստանը: Իմ տղեն այդքանը հասկանում էր, քաղաքական վերնախավը չի հասկանում: Ու շարունակում են հանձնել այն տարածքները, որտեղ թափվել է մեր տղաների արյունը: Փաշինյանի վերջին հայտարարությունը վերջին կաթիլն էր արդեն: Մեր պահանջն այն է, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են: Մենք պատասխան ենք պահանջում: Գիտեք՝ մարդ եթե ավտովթարից է մահանում, բարեկամները դատական հայց են ներկայացնում, հետաքննություն է գնում մեղավորին պատժելու համար, իսկ ինչի՞ մենք չպետքա գնանք: Ես չեմ պատրաստվում հենց այնպես նստել, համակերպվել, լռել»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը: