Ապրիլի 18-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժին դիմեց Ծովագյուղի մի բնակիչ։ Նա տվեց հաղորդում, որ մոտ չորս ժամ առաջ իր «Մերսեդեսը» կայանել էր Սևանի Կոմիտասի փողոցում, մեքենայի դռներն էլ՝ բաց: Այդ հանգամանքից էլ օգտվելով՝ սրահից տարել էին իր դրամապանակը՝ 61 հազար դրամով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Ուսումնասիրվեց և՛ մեքենան, և՛ տարածքը։ Իսկ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվեց տվյալ, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սևանի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են։