Որդիս՝ Ժորա Սահակյանը, ծառայել է Մարտակերտում, սակայն պատերազմի ժամանակ նրանց գումարտին տեղափոխել են Մարտունի, որտեղ էլ հոկտեմբերի 30-ին զոհվել է իր 19 զինակից ընկերների հետ միասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, դատախազության մոտ զոհված զինծառայողների հարազատնեևրի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ժորա Սահակյանի հայրը՝ Վահե Սահամյանը:
«Հոկտեմբերի 24-ին լույս 25 գիշերը Գիշի գյուղում մնալուց հետո նրանց տեղափոխում են մի տարածք, որտեղ ոչ մի պաշտպանական կառույց, որ մի խրամատ գոյություն չի ունեցել։ Տղերքը հենց առաջին իսկ օրվանից մտել են մարտի մեջ։ Հոկտեմբերի 27-ին և 28-ին տվել են մեծ թվով զոհեր, այս թվում՝ վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը և մեր տղաները մնում են առանց հրամանատարի։ Մինչև հրամանատարի զոհվելը ոչ մի զինվոր չէր զոհվել: Կարելի է ասել, որ հիմնական ջարդը սկսվել է հրամանատարի զոհվելուց հետո։ Տղաները մնացել են առանց հրամանատարի և վերջին զինվորը զոհվել է հոկտեմբերի 30-ին»,- ասաց նա։
Վահե Սահակյանի խոսքով՝ արդեն 1,5 տարի է մեղավորներ են փնտրում, բայց չկա որևէ մեկը, որ ասի՝ այս ամբողջի մեղավորը կոնկրետ տվյալ անձն է. «Այսօր գլխավոր դատախազության մոտ ենք, որպեսզի ստանանք մեր հայտարարության պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասում էր՝ ես ձեզ ասել էի, որ կարող եմ պատերազմը կանգնեցն ել, բայց դուք ասացիք՝ չէ:։ Հիմա ես հարցս ուղղում եմ այսպես կոչված պարոն Փաշինյանին. եթե ինքը գերագույն գլխավոր հրամանատարն էր, ապա ո՞ւմ կարծիքն էր ուզում հարցնել։ Ես միշտ ասել եմ, որ հոկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին արդեն պարզ երևում էր այս պատերազմի ելքը, քանի որ ականատես եմ եղել այն ամենին, ինչ կատարվել է պատերազմի ընթացքում։ Կազմակերպված չէին, դրա համար էլ ելքը պարզ էր»,- ասաց նա։
Վահե Սահակյանը Տողից դուրս է եկել հոկտեմբերի 21-ին, իսկ 22-ին արդեն թուրքերը մտել են գյուղ։
Նրա խոսքով՝ այսօր կորցել են Արցախը, կորցնում ենք նաև Հայստանի հարավային հատվածը։ Եթե ժամանակին կանգնեցվեր պատերազմը, ապա, ըստ նրա, ոչ միայն այսքան զոհ չէր լինի, այլև այդքան մեծ տարածքներ չէին զիջի թշնամուն։
Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց։ Երեկ նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրեցին պահանջը, որ զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Այսօր Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:











