Այժմ կա կոնսենսուս քաղաքական ուժերի միջեւ, կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան, այդ դեպքում է ինքը աշխատում: Այս մասին   այսօր` ապրիլի 30-ին, հրավիրված պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Ու այս ապակենտրոն պայքարը , որ բոլորը անում են այն, ինչ-որ գտնում են հարմար, դա տալիս է իր արդյունքները: Այսօր Նիկոլ Փաշինյանը իր հետեւորդներով ամեն գնով ուզում է գնա խաղաղության պայմանագիր կնքելուն եւ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելուն:  Վատ դրսեւորում չի, բայց հարց է ծագում` ինչի հաշվին է դա արվում, մեր տարածքային ամբողջականությա՞ն, Արցախի՞, մեր գերիների՞, տղաների՞, որի մասին այսօր որեւէ մեկը չի խոսում: Մենք դեմ ենք դրա հաշվին: Մենք դեմ չենք, որ հարեւանների հետ ուշ թե շուտ գանք նորմալ հարաբերությունների: Ինչ ենք մենք տեսնում` հայկական կողմն ասում է` մենք գնում ենք խաղաղության դարաշրջան բացելու, թուրք-ադրբեջանական կողմն ասում է խաղաղության պայմանագիր ու առաջ է բերում 5 կետ, որն անվանում է 5 սկզբունք, որ հետագայում կարողանան փոխարինել Մադրիդյան սկզբունքները, բացի այդ Ադրբեջանը ամեն ինչ անում է, հայկական կողմն էլ նպաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնի իր գործունեությունը, քանի որ Մադրիդյան սկզբունքները հայանպաստ էին»,-ասաց Հակոբյանը:

Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանի առաջարկած սկբունքների առաջին 3 կետերն ակնհայտորեն Արցախի հարցը փակելն է:

«4-րդ եւ  5-րդ կետերին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնամ, որովհետեւ իրատեսական չեն եւ այս պարագայում Թուրքիան ասում ` սահմանը բացում եմ, բայց առանց նախապայման, մեր կառավարությունն էլ ասում է, դե տեսեք մենք բանակցում ենք, առանց նախապայման է Թուրքիան պատրաստ սահմանը բացի: Թուրքիան Ադրբեջանի միջոցով այդ նույն նախապայմանը վերադարձնում է հայերին: Թուրքիան 90-ականներին միակողմանի, թշնամաբար փակեց սահմանը, իսկ հիմա բացելու համար ասում է` սա, սա արեք»,-ասաց նա:

Պատգամավորը անդրադռնալով Շուշիի հռչակագրին, ասաց, որ այն կնքվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եւ Հայաստանի կողմից որեւէ արձագանք չի եղել, որից հետո էլ այդ հռչակագիրը վավերացվել է երկու երկրների խորհրդարաններում:

«Մենք պետք է հստակ տարանջատենք հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից, նրանց մեջ պետք է լինի պատնեշ»,-ասաց նա` նշելով, որ իշխանության եկող ուժը պետք է հստակ տարանջատի այս ամենը եւ կողմնորոշված լինի դեպի մեկ արտաքին վեկտոր:

Մանրամասները` տեսանյութում: