Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց փակած ցուցարարին գլխով հարվածած 015 RR 01 պետհամարանիշով մեքենայի վարորդը իրավաբանական անձ ներկայացնող կազմակերպության ներկայացուցիչ է: Մեքենան գրանցված է արդեն չգործող «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության անունով:
2018 թվականին Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակը հայտնել էր, որ Սուքիասյանի թիկնազորի բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թույլատրելի գործունեություն են ծավալում:
Աննա Մկրտչյանը Aravot.am-ին հետ զրույցում ասաց, որ Սուքիասյանի թիկնազորում հիմա չկան նշված պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ (խմբ. հիմա այդպիսի կազմակերպություն չի էլ գործում) իսկ նշված մեքենան չի սպասարկում Սուքիասյանին:
Նշենք, որ Երեւանում վաղ առավոտից` չնայած չդադարող անձրևին, խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել: Փակվել են մի շարք փողոցներ:
Երեկ չորս խորհրդանշանակ վայրերից Երևան են հասել Դիմադրության շարժման անդամները: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։
Նշենք նաև, որ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:











