Անզեն աչքով պետք է նկատել ոչ միայն Հայաստանի գնաճը, այլև՝ ամբողջ աշխարհի: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ անզեն աչքով բավականին տեսանելի է գնաճը, բայց բնակչության եկամուտները չեն ավելանում:

«Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 %-ից ավել, որն աննախադեպ է, մոտ 50-60 տարի նման գնաճ չի եղել, նույնն էլ Եվրոպայում: Այստեղ մենք խոսում ենք ոչ թե զուտ հայկական, այլ գլոբալ ֆենոմենի մասին և այդ ներկապնակում, կամ լանդշաֆտում ունենալ 8.5% գնաճ, երբ ԱՄՆ-ում է 8.5 % է, այն ֆանտաստիկ լավ արդյունք է:

Իհարկե, դա չի նշանակում, որ մենք երջանիկ ենք այդ արդյունքով, բնականաբար, մեր ամբողջ աշխատանքն ուղղված է նրան, որպեսզի այն տնտեսական արդյունքները, որոնք մենք ունենք, իսկ դրանք՝ գիտեք թե ինչ բարձր են՝ 9.4 % տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք առաջին 4 ամիսների ընթացքում, բաշխվեն հասարակությանը»,-ասաց նա:

Լրագրողները նկատեցին, որ բնակչությունն այդ աճը չի զգում իր մաշկի վրա, ինչին Քերոբյանն արձագանքեց. «Չէ, գնացեք ցանկացած բիզնեսմենի հարցրեք, ձեր խանութի մենեջերին հարցրեք, թե իրենց առևտուրն ինչպիսի՞ն է, և ձեզ կասեն, որ իրենց առևտուրը 30-40 %-ով աճել է: Հիմա դուք ուզում եք ասել, որ Վիճակագրական կոմիտեն սխա՞լ է հաշվում տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Կառավարության աշխատանքն ուղղված է նրան, որ այն տնտեսական արդյունքը, որը գոյանում է երկրում՝ բարձր տնտեսական արդյունքը, բաշխվի մարդկանց միջև այնպես, որպեսզի բոլորը զգան: Իհարկե, այն հնարավոր չէ մի քայլով անել, քանի որ կառավարությունը նոր ծախս ստանձնելիս, պարտավորվում է այն կրել ընդմիշտ: Մենք չենք կարող ասել՝ թոշակները բարձացնում ենք, հետո՝ իջեցնում: Այդ առումով կառավարությունը շատ խոհեմ և զգույշ է իր ընթացիկ օպերացիոն ծախսերն ավելացնելիս, բայց պետք է տեսնեք, որ տարեցտարի ընթացիկ ծախսերը կտրուկ ավելանում են և, օրինակ, կարող է 300 մլրդ դրամ ավելանա և այն ուղղվի հենց սոցիալական խնդիրների լուծմանը»: