Հուլիսի 1–ից ուժի մեջ են մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն՝ ֆիզիկական անձանց միջեւ 500 հազար դրամը գերազանցող վճարումները, որոնք ենթադրում են պարտադիր գրանցում, իրականացվելու են անկանխիկ տարբերակով։

2023 թվականի հունվարի 1-ից, սակայն, ֆիզիկական անձինք կանխիկ ձեւով գնումներ կարող են անել միայն մինչեւ 300 հազար դրամը։ Դրանից գերազանցող գումարի դեպքում քաղաքացիները պետք է վճարումներն անեն անկանխիկ։

NEWS.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանն այս օրենքը թերի համարեց, ընդգծելով, որ այն լրացուցիչ բեռ է առաջացնելու տնտեսվարողների համար։ 

«Քարտով գնումներ կատարելիս՝ տնտեսվարողը պետք է 1.5-5 տոկոս միջնորդավճար տա բանկին։ Բացի դրանից՝ բանկերը POS տերմինալը ակտիվացնելու համար մոտ 50 000 դրամի վճար են պահանջում տնտեսվարողներից, կամ որոշակի գումար շրջանառություն են պահանջում, քանի որ տվյալ ծրագիրը ներդնելու համար բանկը պետք է լիցենզիա գնի ինչ–որ կազմակերպությունից, այդ դեպքում արդեն ՀԴՄ–ն կկարողանա քարտ ճանաչել ու աշխատել որպես POS տերմինալ։

Ընդամենը մի քանի ժամ առաջ ի հայտ եկավ եւս մեկ խնդիր. ինչպես գիտեք ՊԵԿ–ը տարիներ առաջ ստիպեց բոլոր տնտեսավարողներին փոխարինել հին ՀԴՄ սարքերը նորերով, որովհետեւ նորերն ունեն POS տերմինալի հնարավորություն։

Բայց ինչպես ինձ բացատրեցին բանկերից, Կենտրոնական բանկի պահանջով, այս սարքերը համարվել են ոչ պիտանի, քանի որ սրանք չունեն անհպում վճարման հնարավորություն եւ այդ պատճառով ԿԲ–ն հրամայել է բանկերին այս սարքերի վրա չակտիվացնել POS տերմինալ։

Ստացվում է, որ տնտեսվարողը պետք է նորից ծախս անի, նոր ՀԴՄ սարք գնի, որպեսզի կարողանա գրանցել բանկում եւ վճարումներ ընդունել։ Ինչպես տեսնում եք՝ օրենքը թերի է»,– ասաց Սամսոն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։