Իմ կարծիքով, օրենքը կարելի էր թողնել այնպես, ինչպես կա, կարելի էր նաեւ փոխել, որովհետեւ, դա էն խնդիրն է, որ օրենքով չի լուծվում, դա կախված է մարդկանց դաստիարակությունից, ավանդույթներից: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ նոր քրեական օրենսգրքից հանվել է աղմկահարույց «ծանր վիրավորանքից» հոդվածը:

«Որեւէ իրեն հարգող մարդ չպետք է իրեն թույլ տա հայհոյանք: Ես կարծում եմ, որ սա էն դեպքն է, որ մենք պետք է մտածենք մեր ընդհանուր մթնոլորտի, վարքի, բարքի, հարաբերությունների մասին: Նման հարցերը, որպես կանոն, օրենքով չեն կարգավորվում, դրա համար ինձ  քիչ է հետաքրքրում, թե ինչու ընդունվեց, ինչու փոխվեց:

Ըստ երեւույթին օրենքն ընդունելու ժամանակ մարդիկ մտածել են, որ օրենքը կզսպի, հավանաբար եկել են այն համոզման, որ դա օրենքով լուծվող խնդիր չի, միգուցե բացառված չէ, որ դա շատերին դրդի հերոսանալու, ասպարեզ դառնալու:

Բոլոր երկրներում էլ ընդունված օրենքներն էլ ժամանակի հետ փոխվում են: Մենք հիմա արագ զարգացման փուլի մեջ ենք: Պատմության մեջ բաներ կան, որ դարերով են ձեւավորվել, մենք պարտադրված ենք տարիներով ձեւավորել»,-ասաց նա:

Վիգեն Խաչատրյանը իր հետ տեղի ունեցած դեպք պատմեց, որ ոստիկանությունից իրեն զանգել են, ասել են, որ այսինչ մարդը ձեզ վիրավորել է. «Ես ասացի բողոք չունեմ, եթե մարդն անդաստիարակ է, ես դրա համար հո դատարան չեմ հասնելու»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը զանգել է այդ անձի եղբորը եւ հորդորել է զբաղվել եղբոր դաստիարակությամբ: