Որքան էլ ջանաք ցույց տալու, որ իշխանությունները հակառուս են, հիմա էլ դարձել են ռուսամետ, նման բան չկա. կոնկրետ ես շատ կողմ եմ, որ ռուսական կրթությունը Հայաստանում զարգացում ապրի: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Երեւանում արած հայտարարությանը, թե հայկական կողմի խնդրանքով Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելանա:

«Այդ ուղղությամբ նաեւ մի շարք միջոցներ ենք ձեռնարկել: Բայց նաեւ ասեմ, որ Ռուսաստանի համապատասխան ներկայացուցիչներին ես միշտ ասել եմ, որ նախեւառաջ պասիվությունն իրենցից է գալիս: Օրինակ, Գորիսի թիվ 6 դպրոցը, որ ռոփւսական թեքումով է եղել միշտ, չունի ռուսական դասագրքեր: Մշտապես դիմում ենք, հարցը ձգձգվում է: ՀՀ կառավարությունը միշտ պատրաստ է ռուսերենի զարգացման, տարածման բոլոր միջոցառումներն իրականացնել: Ոչ ոք չի կարող լինել ռուսաց լեզվի զարգացմանն ընդդիմացող, որովհետեւ եթե այսօր անձը չի տիրապետում ռուսաց լեզվին կամ անգլերենին, դա կարելի է ասել, գրագիտության բավարար մակարդակին չտիրապետող անձ է: Գիտական գրականության մեծ մասը ռուսերեն կամ անգլերեն է: Հետեւաբար գրագիտության բավարար մակարդակ ապահովելու համար անպայման պետք է ռուսերենի իմացություն»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ իշխանության բարձրաստիճան շատ ներկայացուցիչներ տարիներ շարունակ դեմ են եղել ռուսական դպրոցների բացմանը, պտգամավորը խորհուրդ տվեց այդ հարցը այդ անձանց տալ:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը ընդամենը դպրոցն է ավարտել եւ հիմա օրենքներ պետք է գրի, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այո, նորմալ է, պատգամավորը չի գալիս միայն օրենք գրում, մի շարք այլ լիազորություններ էլ ունի: Հիմա եկել է իր մտավոր ունակությունների զահմանում կաշխատի, կօգնի, կձեւավորվի, կզարգանա»: