Ես շարժման առաջին օրերից հայտարարել եմ, որ ես այս շարժման եւ զինվորն եմ, եւ առաջամարտիկն եմ, եւ պատասխանատուն եմ, եւ շարժման ելքի ու արդյունքների համար ունեմ եւ քաղաքական, եւ անձնական պատասխանատվություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ օգոստոսի 2-ից հետո «Դիմադրության» շարժումը որպես վարչապետի թեկնածու առաջ քաշի իր թեկնածությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Որեւէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես, վերջնական որոշումներն ըդնունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա: Այդ համաձայնությանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո:

Ինչ վերաբերում է հետագա պրոցեսներին՝ առաջնորդ, վարչապետի թեկնածու, մենք հենց առաջին օրվանից ասել ենք, որ այն մարդիկ, որոնք գալիս են եւ գալու են այս հրապարակ, չեն գալիս ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը շարունակում է մնալ մեր գլխավոր օրակարգը, բայց օգոստոսից հետո այդ գործիքակազմին ավելանում է եւս մեկը՝ պաշտոնանկության գործընթացը: Դրա համար պետք է երկու ուղղությամբ աշխատանք։. Առաջինը, պաշտոնանկության համար քաղաքական եւ իրավական հիմքերի ստեղծում,  որն առկա է, սրա հանրային, ժողովրդական պահանջի դրսեւորում, եւ երկրորդը, ժողովրդի կողմից վարչախպետի թեկնածուի առաջադրում:

Մենք այս գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու բավարար հիմքեր կլինեն: Այդ ժամանակ, օրենքն է նաեւ պահանջում, որ երբ գնում ես պաշտոնանկության գործընթացով, պարտավոր ես ներկայացնել ժողովրդի կողմից վստահություն վայելող թեկնածու: Երբ կմտնենք  այդ օրակարգի մեջ, այդ ժամանակ կքննարկենք նաեւ այդ հարցը: Այս պահին մեր մեջ վարչապետի թեկնածուի քննարկում տեղի չի ունեցել»: