Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ դոլարի փոխարժեքը կշարունակվի տատանվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին դոլարի փոխարժեքի տատանմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում փոխարժեքի տատանումները շուկայում տեղի ունեցող պրոցեսներով են պայմանավորված: Այսինքն՝ պահանջարկի և առաջարկի փոփոխության հետևանք են, և թե՛ Կենտրոնական բանկի մասին օրենքով, թե՛ ՀՀ Սահմանադրությամբ ԿԲ-ն այստեղ որևէ անելիք չունի: Ըստ նրա՝ այստեղ կան թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոններ՝ պայմանավորված Ռուսաստան- Արևմուտք հակամարտությամբ ու այդ համատեքստում կիրառվող տնտեսական պատժամիջոցներով:
«Բայց, բնականաբար, կա նաև ներքին գործոնը, որ, օրինակ՝ մեր երկրում շատացել են օտարերկրյա քաղաքացիները, որոնք օբյեկտիվորեն իրենց հետ դոլար են բերում ու ծախսելու համար այն վերածում են դրամի: Տնտեսությունում էլ մեծանում է դոլարի քանակը, ինչը բերում է դոլարի արժեզրկման: Այն, ինչ տեղի է ունենում այս երկու օրերին՝ դժվար է ասել, որ դոլարը լիարժեքորեն վերականգնվում է, ու ամենայն հավանականությամբ երկու ամիսների ընթացքում որոշակի տատանումներ կտեսնենք, քանի դեռ այդ աշխարհաքաղաքական իրավիճակը չի հանգուցալուծվել»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ մայիսին Հայաստանում գրանցվել է 9 տոկոս գնաճ՝ տնտեսագետը ասաց, որ դա պայմանավորված է ներքին և արտաքին մի շարք պատճառներով: «Ներքին պատճառներից կնշեմ անվտանգային անորոշությունը, որը թույլ չի տալիս, որ տնտեսությունը համաչափ զարգանա: Նույն տնտեսվարող սուբյեկտները հավելագին են պահանջում, մյուս կողմից էլ քաղաքական որոշակի անորոշություններ կան, որոնք թե՛ ներդրումների, թե՛ սպառման ծավալների՝ հատկապես երկարաժամկետ ծավալների, որոշակի զսպման են ենթարկում: Գումարած տնտեսությունում տիրող սոցիալական խնդիրներն են պակաս կարևոր չեն»,-ասաց նա։
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի հիմնական գործիքակազմը գնաճի զսպման վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որը ԿԲ-ն անցած տարվա դեկտեմբերից սկսած բարձրացրեց՝ նպատակ ունենալով տնտեսությունում ծագած գնաճային ալիքը մեղմել, բայց չկարողացավ իր նպատակին հասնել:
«Սահմանադրությամբ ևս ԿԲ-ի վրա է դրված գների կայունության ապահովման խնդիրը, ուստի գնաճի թիվ մեկ պատասխանատուն ԿԲ-ն է: Ուղղակի պետք է հասկանանք, որ Կենտրոնական բանկը որքան էլ այդ դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառի, որքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնի, եթե ընդհանուր տնտեսությունում տիրող վիճակը բացասական է, դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











