Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում պոլիկլինիկայի դիմաց, նմրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:
Պոլիկլինիկայի արհմիութենական կոմիտեի նախագահ Մարինե Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք նամակներ են հղել եւ առողջապահության նախարարություն, եւ քաղաքապետարան, եւ ՄԻՊ, եւ ԱԺ-ին, եւ վարչապետին, սակայն հասկանալի պատասխաններ չեն ստացել, թե որն է տնօրենին ազատելու պատճառը:
«Ես բոլոր պատասխանները պահել եմ, վերջին նամակը ստացել եմ քաղաքապետարանից, որտեղ ի գիտություն ինձ բացատրում են, որ տիկին Սիսոյանին առաջարկված է եղել այլ աշխատանք: Երեւի ինչ-որ մեկին շատ խիստ պետք է այս պաշտոնը: Հիմնարկը շատ լավ համբավ ունի: Նպատակը նա է, որ գան, տիրանան եւ իրենց ուզած ձեւով աշխատեցնեն»: Նա հավելեց, որ տնօրենը որեւէ կուսակցական կամ քաղաքական հայացքներ չունի, սա քաղաքական խնդիր չէ. «Ավելին ասեմ, երբ սկզբից ուզում էինք միտինգ անել, ես ասացի՝ եկեք չքաղաքականացնենք, սկզբից հասկանանք խնդիրը»,-ընդգծեց նա:
Մարինե Հարությունյանը ցույց տվեց քաղաքապետի ստորագրությամբ հունիսի 3-ի հրամանը, որտեղ նշված է, որ տնօրեն Աննա Սիսոյանը հունիսի 20-ից ազատվում է տնօրենի պաշտոնից:











