Եթե ֆինանսական համակարգը Հայաստանում թվային փոխակերպման չենթարկվի, գուցե մի գեղեցիկ առավոտ արթնանանք եւ հասկանանք, որ մեր քաղաքացիները «կլանվել» են հսկա խաղացողների կողմից, օրինակ, Google-ի, Apple-ի, Facebook-ի կամ որեւէ այլ թվային գիգանտի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը, ով SILICON MOUNTAINS 2022 տեխնոլոգիական գագաթաժողովին հրավիրված հյուրերից մեկն էր:

Թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում. այս թեմայի շուրջ Մատենադարանում համախմբվել էին բանկային ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաեւ կառավարման համակարգի, թթվայնացման եւ տեղեկկատվական տեխնոլոգիաների ոլորտների փորձագետներ՝ թե հայաստանցի, եւ թե արտասահմանցի: Արդեն երրորդ անգամ Երեւանում անցկացվող SILICON MOUNTAINS միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի առանցքում այս տարի երեք հիմնական թեմա էր՝ թվային փոխակերպում, կիբերանվտանգություն եւ իհարկե ֆինթեք:

Թվային փոխակերպումը ֆինանսական համակարգի համար անխուսափելի է

«Եթե մենք չանենք ֆինանսական համակարգի այդ փոխակերպումը, գուցե մի գեղեցիկ առավոտ արթնանանք եւ հասկանանք, որ մեր քաղաքացիները կլանվել են հսկա խաղացողների կողմից: Օրինակ՝ Google-ը, Apple-ը, Facebook-ը, հետո գուցե մեկ այլ թվային գիգանտ եւս ծառայություններ կմատուցի, եւ մեր քաղաքացիներն ուղղակի կձուլվեն նրանց: Մենք կկորցնենք մեր քաղաքացիներին, որոնք ապրում եւ աշխատում են մեր երկրում, արժեք են ստեղծում մեր երկրի համար: Ուստի՝ թվային փոխակերպումը ֆինանսական համակարգի համար անխուսափելի եւ պարտադիր պահանջ է: Կենտրոնական բանկն այլ կերպ չէր էլ կարող վարվել», - նշեց Կոմիտաս Ստեփանյանը:

Անհրաժեշտ ռեսուրսները կգտնվեն

Թվայնացումը՝ թե պետական, թե մասնավոր հատվածներում, պահանջում է մեծ ռեսուրսներ՝ ֆինանսական, տնտեսական, կադրային: Տրամաբանական հարց է ծագում, թե հայաստանյան բանկերը եւ մասնավորապես Կենտրոնական բանկը որտեղի՞ց են անհրաժեշտ ռեսուրսները հայթայթելու՝ ժամանակին համընթաց փոփոխությունները ներդնելու համար:

Կոմիտաս Ստեփանյանը վստահ է՝ ռեսուրսները կգտնվեն:

«Պատկերացնենք ցանկացած լավ կազմակերպություն, որն ունի լավ ռազմավարություն, բայց չունի ռեսուրսներ, այդ ռազմավարությունը մնալու է թղթի վրա: Կենտրոնական բանկը տարվա ռազմավարության իրականացման համար բյուջեով նախատեսում է որոշակի գումար, եւ հաջորդ տարիների փոխակերպումների համար: Բայց շատ ծախսատար փոխակերպում է, եւ գուցե միայն Կենտրոնական բանկը չկարողանա չկարողանա դա անել: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ հետաքրքրված են եւ աջակցելու, եւ ֆինանսավորման համար: Դոնոր կազմակերպություններ կան, որոնք Կառավարության, տարբեր նախարարությունների հետ են աշխատում», - նշեց Ստեփանյանը:

Ֆինանսական ոլորտը՝ գրավիչ աշխատաշուկա՞

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այս պահին, կարծես, ամենագրավիչն է Հայաստանում, եւ շատերը ձգտում են աշխատանք գտնել եւ կայանալ հենց այդ ոլորտում: Ֆինանսական համակարգի թվայնացումը, բազմաթիվ մասնագետների կարծիքով, ֆինանսների ոլորտը եւս շատ գրավիչ կդարձնի բազմաթիվ մասնագետների համար: Դրական կողմերը մի քանիսը են. մասնագետները աշխատանքի ընտրության էլ ավելի մեծ հնարավորություններ կունենան, իսկ նրանց ներհոսքը դեպի ֆինանսական կազմակերպություններ կնպաստի դրանց էլ ավելի արագ զարգացմանը:

Կոմիտաս Ստեփանյանի կարծիքով, այդ ամենին հասնելու համար խիստ կարեւոր է ունենալ կրթական համակարգ, որը ոլորտին լավ մասնագետներ կտա:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն առանց կիբերանվտանգության ավելի լավ է չպատկերացնենք: Ամբողջ աշխարհում կիբերանվտանգության ոլորտում այս պահին, ըստ վիճակագրական տվյալների, կա 2 միլիոն աշխատակցի կարիք: Միայն ԱՄՆ-ի պետական հատվածի համար մոտ 400 հազար աշխատակից է անհրաժեշտ, որպեսզի կարողանան պետության կիբերանվտանգությունն ապահովել:

Մեր կրթական համակարգը եւս պիտի փոխակերպվի, որպեսզի այս հարցը կարողանանք լուծել: Սա միայն Կենտրոնական բանկի խնդիրը չէ: Սա մի ամբողջ երկրի խնդիր է: Այդ տեսակ կադրերն ամենուր ունեն մեծ պահանջարկ: Մեր կրթական հաստատությունները պետք է տան այդ «արտադրանքը»»:

Մանրամասները՝ տեսանյութում: