Արցախցի ռեփեր, 33–ամյա Վալերի Ղազարյանը՝ «Լյոկան», 3–րդ անգամ է տուն կառուցում Արցախում։ Առաջին պատերազմում Լյոկան կորցրել էր Մարտակերտի շրջանում գտնվող Լենինավան գյուղի իրենց տունը, 44-օրյա պատերազմում երկրորդ տունը՝ արդեն Նոր Մարաղայում։ 2020թ. նոյեմբերին գյուղից հեռանալով՝ Լյոկան այնտեղ թողեց մոր ու եղբոր շիրիմները... պատերազմից հետո Լյոկան իր մեջ ուժ գտավ գրելու «Ես դեռ կամ» երգը, իր ու ընկերների նախաձեռնությամբ ստեղծեց «Լյոկա’ս» բրենդն, իսկ հիմա արդեն արտադրամասը տեղափոխեց Ստեփանակերտ, առաջիկայում էլ երկրպագուներին կներկայացնի «Հասցեն իմ նույնն ա» երգը՝ կրկին նվիրված Արցախին ու արցախցուն։ 

Պատերազմից 1.5 տարի անց գարնանը նորից բեմ բարձրացաք Ստեփանակերտում։ Ի՞նչ զգացողություն ունեիք այդ պահին։

Անմարդկային... ահավոր ծանր էր, որովհետեւ առաջինը ես չէի պատկերացնում, որ այդքան մարդ կգար, երկրորդը՝ ցավալի է խոսել ցավի մասին ցավ ապրած մարդկանց առաջ։ Մի կերպ էի ինձ պահում, որովհետեւ անկեղծ չէի կարողանում, մի պահ կար, մտածում էի՝ չեմ դիմանա եւ անընդհատ հետ էի գնում, մեջքով էի շրջվում մարդկանց եւ փորձում էի ինձ հավաքել, դուխ տալ՝ դու պիտի անես դա... ահավոր էր... ցավն այնքան շատ էր... չէի սպասում նման ալիքի, ես այդ ալիքի անունը դրել եմ ապրելու ալիք, որովհետեւ երբ բեմ բարձրացա եւ խոսեցի մարդկանց հետ, այդ ծափահարություններն անբացատրելի էին ինձ համար։ Կյանքում ամեն ինչ կարող եմ մոռանալ, բայց ոչ այդ օրը։ Եվ հաճելի է, որ այդքան մարդ քեզ այդպես է դիմավորում, բայց մյուս կողմից էլ ցավալի է, որ այդքան մարդ քեզ ճանաչում է ցավի միջոցով։ 

Պատերազմից հետո գրեցիք Ձեր խորհրդանշական «Ես դեռ կամ» երգը։ Ո՞ւմ էր այն ուղղված։

Արցախին եւ արցախցուն, հետո նոր ինձ։ «Ես դեռ կամ»–ն ինձ համար ոչ թե պարզապես երգ էր, այլ կիսվել էր մարդկանց հետ, ես կիսվում էի իմ գաղափարներով, ցանկություններով։ Իրոք, հայն ապրելու իրավունք ունի։

«Տուն տարեք» երգը, որը պատերազմից առաջ էի գրել, բայց այնպատերազմի ընթացքում շատ ավելի հայտնի դարձավ, մարդիկ ավելի խորը սկսեցին հասկանալ։ Ես, իհարկե, կցանկանայի, որ այն մնար որպես երգ եւ ոչ ոք չզգար այն, ինչ ես եմ զգացել մի քանի անգամ։ Բայց երբ մենք այս ճակատագրին արժանացանք, ինձ համար պարտականության նման մի բան առաջացավ մարդու նկատմամբ, եթե մարդն իր կյանքից ամենաթանկ ժամանակն է տրամադրում, որ քեզ լսի, դու պարտավոր ես այդ մարդու առաջ։ Ու ծնվեց «Ես դեռ կամ»–ի գաղափարը ու դրան նպաստեց նաեւ Կիմա տատիկը։ Նրա հետ ծանոթացանք պատերազմից հետո, ինքնասպանության եզրին էր, ամեն ինչ էր կորցրել ու միակ թանկ բանը մնացել էր որդու շիրիմը, որը մնացել էր Շուշիում, ու վերջին մարդն էր Շուշիից, ում տղաներն իջեցրել են։ Հիվանդանոցում հանդիպեցինք, ասաց, որ ուժ չունի ապրելու, երաժշտությունից խոսեցինք, ասացի՝ Կիմա տատիկ, իրար հետ դեռ գործ ունենք, միասին պիտի բեմ բարձրանանք։ Մի քանի օր անց նորից հանդիպեցինք, ասաց՝ когда начнем, հասկացա որ այդ մարդուն ուժ եմ տվել։ Ես մտածեցի, որ պարտավոր եմ դա անել։ Մեր հայկական երգերի մեծ մասը լացի մասին է, որը ես չեմ սիրում, ջղայնանում եմ։ Մարդուն պետք է ապրեցնել, երգի իմաստն ու մեխն ապրելն է։ Ես շատ եմ սիրում ապրել եւ ամեն օրը փորձում եմ ապրել ավելի լավ, քան նախորդը։ Լավ ապրելը ֆինանսի ու նյութականի հետ կապ չունի, դու որպես մարդ պիտի քեզ լավ զգաս, որ երեկոյան գնաս տուն ու ասես՝ այսօր ինչ եմ արել, որ վաղն ավելի լավ լինի իմ ու իմ շրջապատի համար։ Երգը հենց դրա մասին է՝ ապրելու ու չկոտրվելու։ Հայերս շատ ենք վատ ու տխուր բաներ տեսել, երգը այդ ամենի միջից դուրս գալու մասին է։ Մինչեւ ամսվա վերջ կլինի նոր երգ, որը կլինի այն մասին, թե ուր ենք գնում ու ով ոնց է պատկերացնում, ոնց է մտածում։

Երգն օգնո՞ւմ է հաղթահարել։

Շատ լավ հարց էր, իրականում այո, բայց սկզբի մի շաբաթը, երբ երգը դեռ գրվելու փուլում է, դա իմն է, դա օգնում է ինձ միշտ, բայց հենց հրապարակում եմ, բոլորը գիտեն երգի մասին, մի քանի օրը լավ է, ես ինձ լավ եմ զգում, հետո երբ ամեն մեկն այդ երգի տակ իր ձեւով է պատկերացնում իր կյանքը, իր անցածը, կեսի մոտ ցավի մասին է, մի մասի մոտ՝ ուժի, մյուսների մոտ՝ հիշողությունների, հենց այդ ալիքը սկսում է գալ, սկսում է չօգնել։ Հիմա չգիտեմ՝ ասեմ՝ օգնում է, թե չի օգնում։

Կա՞ երգ, որը պատերազմի օրերին եք գրել ու հիմա ուժ չեք գտնում հրապարակելու։

Ու երբեք չեմ հրապարակելու, որովհետեւ շատ վատ բաների մասին եմ գրել ու ոչ միայն երգեր կան, պատմվածքներ ու բանաստեղծություններ կան, պատերազմից հետո մտածում էի գիրք գրեմ, բայց հետո չարեցի, որովհետեւ չէի ուզենա թողնել մի պատմություն, որը կլինի վատ բաների մասին, ես սիրում եմ լավ բաներ անել, ապրեցնել, հույս տալ։

Լյոկա, Դուք պատերազմից հետո բրենդ եք ստեղծել՝ «Լյոկա’ս»-ը ու հիմա արտադրամասը Երեւանից տեղափոխել եք Ստեփանակերտ։ Սկսնակ բիզնես է, բայց փորձում եք օգնել նաեւ Շուշիի գորգերի թանգարանին, որը տարածք չունի ցուցադրության համար։

Ես չեմ կարծում, որ օգնում եմ, դա մեր բոլորիս պարտքն է, եթե Դուք լավ չլինեք, ես երբեք լավ չեմ լինի ու դա պետք է լինի փոխադարձ։ Մենք պետք է բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մենք կանք այնքանով, ինչքանով որ մենք միմյանց համար մտածում ենք կա՛մ սրտացավ ենք, կա՛մ մտահոգ։ Եթե Շուշիից մի կերպ փրկված թանգարանի նմուշները ցուցադրելու տեղ չկա, այսինքն՝ Արցախի պատմությունը ներկայացնելու համար մենք տե՞ղ չունենք, թե՞ ցանկություն, թե՞ չենք ուզում։ Եթեինչ–որ մեկը կամ ոմանք չեն ուզում օգնել, տեղ տրամադրել կամ պատմությունը սերունդներին տալ, դա նաեւ իմ խնդիրն է, թանգարանի տնօրենի խնդիրը չէ, անձի խնդիր չէ, դա պատմության խնդիր է, իսկ մենք այս վիճակին ենք, որովհետեւ մենք տգետ ենք, մենք պատմություն չգիտենք, չգիտենք հայն ով է, որտեղից է եկել։ Բրենդի ստեղծումը ընկերներիս նախաձեռնությունն էր, ես օգնում էի իրենց՝ չհասկանալով, որ իրենք դա անում են ինձ զբաղեցնելու համար, իսկ ես անում եմ, որ ավելի շատ ընդգրկվեմ այդ գործընթացի մեջ։ Բրենդը ստեղծել ենք եւ տեղափոխել Արցախ, որովհետեւ իմ սկզբունքներից մեկն է եղել, որ պետք է լինի Արցախում, ես այլ տեղ չեմ պատկերացնում դա անել։ Եթե այդ արտադրամասում պետք է աշխատեն 3-4 հոգի եւ վարձատրվեն, ապա դա պետք է լինի Արցախում ու վարձատրվի արցախցին։ Հիմա ավելի քան երբեք Արցախը ներդրումների, օգնության, բնակեցման, սոցիալական հարցերի լուծման կարիք ունի, Արցախը մեր բոլորիս կարիքն ունի։ Որպես արցախցի՝ ինձ չէի հարգի, եթե հաջողության հասնելու հնարավորությունս կամ ընթացքն Արցախում չանեի։ Իսկ Շուշիի թանգարանի գաղափարըՎարդան Ասծատրյանի հետ վաղուց էի ծանոթ, մի անգամ հանդիպեցինք, ինձ պատմեց գորգերի մասին, իրականում գորգեր կային, որոնք չէի տեսել ու պատմությունը չգիտեի, սկսեցի ուսումնասիրել եւ Վարդանին առաջարկեցի, որ պրոյեկտ անենք ու հասույթը տանք թանգարանին։ Մտածեցի՝ եթե ես որ այդքան շատ եմ մշակույթ սիրում, չգիտեի այդ գորգերի պատմությունը, պետք է սովորեմ եւ փոխանցեմ մարդկանց։ Մարդիկ պիտի իմանան, որ 9–րդ դարում Հադրութի Տող գյուղում գորգ են գործել։ Պարտավորության նման մի բան էր, այնպես չէ, որ այնքան վաճառք ենք ունենում, որ կարող ենք տարածք գնելու կամ վարձակալության համար անհրաժեշտ գումարը գտնել, բայց մենք այս նախաձեռնությամբ փորձում ենք մի բան անել, մինչեւ աստծո հաջողությունով մի բանի կհասնենք։

Դուք երրորդ անգամ եք տուն կառուցում, երգն ու բրենդն ինչքանո՞վ են ձեզ օգնում ներքին խաղաղությունը գտնելու հարցում։

Երգ, բրենդ ու ներքին խաղաղություն՝ անհամադրելի բան են։ Ներքին խաղաղություն, եթե գտնեմ կամ եթե ստացվում է գտնել, դրան օգնում եմ միայն ես։ Իրականում դժվար է եւ հիմա էլ ամեն անգամ տան վրա աշխատելիս, մտածում եմ՝ բայց վստա՞հ եմ, որ այստեղ մնալու եմ, վստա՞հ եմ, որ նորից չեմ կորցնելու, կասկածամտություն չէ, փաստերից եկած հարցեր են, որոնց պատասխանը եսչունեմ։ Բայց ես պիտի դա անեմ, եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե ինչ կլինի, կլինի, ես այդպիսի մարդ չեմ։ Այո, ծախել են, վաճառել են, տվել են, բայց դու, որ իրավունք ունես այստեղ ապրելու, պայքարելու, գոյություն ունենալու, դո՞ւ ինչ ես անում, որ վաղնէլ քեզ չխաբեն, չծախեն, չվաճառեն։Ես որպես մարդ, որն այս ամենի միջով անցել եւ երգում է «Ես դեռ կամ»-ը, պետք է ապրի, օրինակ լինի։ Այն մարդիկ, որոնք լսելով «Տուն տարեք»-ը՝ եկել հասել են «Ես դեռ կամ»-ին, ես նրանց համար օրինակ եմ, որովհետեւիրենք ինձ պես կորցրել են մի քանի անգամ, կան դեպքեր, որ ինձնից վատ կյանք են ապրել։ Ես օրինակ եմ՝ ինչպես կարելի է այդ ամեն ինչը հաղթահարել ու ապրել, իսկ օրինակ լինելու համար ինքդ քո հետ պետք է պարզ լինես ու հասկանաս՝ ուր ես գնում ու ինչի համար ես դա անում։ Ես անում եմ ինձ համար, որ հանգիստ լինեմ, հայրենիքը դրսից չսիրեմ ու դրսից հայրենիքի մասին չերգեմ ու ամենաշատը նրա համար, որ ես ինձ Արցախում ամենից հանգիստն եմ զգում, առավել եւս այս պահին հայրենիքիս մենակ թողնել չեմ կարող, հայրենիքս հենց իմ կարիքն ունի։

Առաջիկայում համերգներ սպասվո՞ւմ են

Կա երկու փառատոն, որին հրավիրված եմ, բայց դեռ փակագծերը չեմ բացի։ Երկու մեծ փառատոն կա, արտասահմանից հրավերներ ունեմ, բայց դեռ չեմ պլանավորում, չեմ կարողանում երկրից դուրս գալ, վախենում եմ՝ հենց գնամ, ամբողջը կտան ու էլ չեմ կարողանա հետ գալ, մտավախություն կա։ Մինչեւ ամսվա վերջ կլինի երգի ու տեսահոլովակի պրեմիերա՝ «Հասցեն իմ նույնն ա», երգն էլի Արցախի ու արցախցու ու իմ մասին պատմություն է։