Նման նախագծի առաջ մղումը մենք համարում ենք ժամանակավրեպ եւ իհարկե դեմ ենք նախագծին այս տեսքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը՝ անդրադառնալով ,Քաղաքացիության մասին» օրենքում ԱԱԾ-ի ներկայացրած փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մեր հայրենակիցները պետք է վերջին 2 տարում առնվազն 60 օր բնակված լինեն Հայաստանում:

«Քաղաքացիության մասին» օրենքում մշտապես փոփոխություններ կատարվել են. գարնանը առաջարկ կար որոշակիորեն կարգավորել օրենքում առկա բացերը, մցտնել նոր դրույթներ, այդ թվում այն փոփոխությունը, որը հիմա առաջարկում է ԱԱԾ-ն:

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը համոզված է, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը ազգությամբ հայերի համար մշտապես պետք է պարզեցվի, որպեսզի մեր հայրենակիցները այդ կարգից կարողանան օգտվել: Սա մեր հայրենակիցների համար հնարավորություն է Հայաստանում իրավական առումով կայանալ, աշխատանք ունենալու, բիզնես գործունեություն ծավալելու առումներով ընդլայնել իրենց հնարավորությունները:

Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այդ գործընթացը պետք է շարունակաբար պարզեցվի: Եթե նկատվում են փաստաթղթերի հետ կապված անճշտություններ կամ կեղծիքներ, ապա այդ դրվագները պետք է առանձին քննարկվեն, ոչ թե փակվեն մեր բոլոր մյուս հայրենակիցների հնարավորությունները: Խոսքը եկեղեցական մկրտության վկայականների մասին է»,-ասաց նա:

Հովհաննես Ալեքսանյանի խոսքով, այս դեպքում խոսքը ՀՀ-ում բնակության երկամսյա ցենզ մտցնելու մասին է. «Սա մի կողմից հասկանալի է, մյուս կողմից մենք ունենք մեկ այլ կարգավորում, որով մեր հայրենակիցները հնարավորություն ունեն արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում քաղաքացիության համար դիմում ներկայացնելու: Այս դեպքում նրանց համար այս նոր կարգավորումը կարող է խոչընդոտ դառնալ»:

Նա օրինակ բերեց, որ գուցե մարդը երեք տարի առաջ 5-6 ամիս բնակվել է Հայաստանում, բայց վերջին երկու տարում 15-20 օր է եղել Հայաստանում եւ օրենսդրական այդ պահանջը չի կարողանում լրացնել, այդ դեպքում ո՞նց են մերժելու: «Դրա համար նախագիծը պետք է լրամշակվի:  Գիտեք, որ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը աննախադեպ մեծ է, եւ երբ տարին ամփոփենք, կտեսնենք, որ 2022-ին ունեցել ենք աննախադեպ թվով դիմումներ:  Այս պահին նման նախագծ առաջ մղումը մենք համարում ենք ժամանակավրեպ եւ իհարկե դեմ ենք նախագծին այս տեսքով:

Ծնելիության նպաստումն ու հայրենադարձության խթանումը ժողովրդագրական խնդիրը լուծելու կարեւոր միջոցներ են, ցանկացած նախագիծ պետք է բխի դրանից եւ նպաստի քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացին ու հայրենադարձությանը»,-ընդգծեց Սփյուռքի գորերով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը: