Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ՝ ծանր ընթացքով։ Շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվող Հովսեփյանը շարունակում է ստանալ մեծ չափաբաժնով ինսուլին։ Դատարանը Հովսեփյանի առողջական վիճակն ուսումնասիրելու համար փորձագիտական խումբ ստեղծելու մասին որոշում է կայացրել, որը սակայն դեռ չի ձեւավորվել:
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդում է, որ Հովսեփյանը պետք է օր առաջ ազատ արձակվի, քանի որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ:
«Այս հիվանդությունը զուգորդված է նաեւ պոլիներվոպատիայով։ Կառավարության 2006 թվականի որոշման մեջ հստակ նշված են այն հիվանդությունները, որոնք անհամատեղելի են կալանքի եւ պատիժը կրելու հետ։ Պարոն Հովսեփյանը շարունակում է ստանալ շատ մեծ միավորներով ինսուլին, որովհետեւ նրա մոտ շաքարային դիաբետն ինսուլինակախյալ վիճակում է։ Վերջերս շաքարային ցուցիչը հասել էր 29-ի, ինչը ծայրահեղ վիճակ է, որովհետեւ նման ցուցիչի պարագայում մարդը կարող է հասնել նաեւ կոմայի եւ կարող են լինել անդառնալի հետեւանքներ։ Դրա համար էինք մենք ասում, որ խափանման միջոցը փոխվի, նոր նշանակվեն դատաբժշկական փորձաքննություններ։ Մեր կողմից ներկայացրած փաստերը ակնհայտության սկզբունքով վկայում էին, որ մենք խնդիր ունենք մի այնպիսի որոշման հետ, որը համապատասխանում է կառավարության որոշման մեջ ընդգրկված հիվանդություններին։ Մենք ասում ենք՝ եկեք, այնպես անենք, որ չտեսնենք ուշացած արդարադատություն, ինչպես Մանվել Գրիգորյանի դեպքում էր, երբ փորձաքննություն չէր նշանակվում, խափանման միջոց չէր փոխվում եւ միայն ծայրահեղ վիճակում փորձաքննությունը նշանակվեց, սակայն գիտենք՝ ինչ տեղի ունեցավ»,- նշեց Ալեքսանյանը։
Պաշտպանը նշեց, որ Հայաստանում կալանքը վերածվել է պատժի միջոցի, ինչը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին. «Խափանման միջոցի նպատակը անձի պատշաճ վարքագծի ապահովումն է քննության ամբողջ ընթացքում, բայց ոչ մի պարագայում խափանման միջոցը կամ ծայրահեղ խափանման միջոցը չպետք է կիրառվի որպես անձին պատժելու միջոց։ Նման պարագայում պատասխանատվությունը կրում է պետությունը»։
Ալեքսանյանի խոսքով՝ պետությունը պարտավոր է ապահովել անձի առողջության իրավունքը. «Տվյալ պարագայում, եթե մենք ներկայացնում ենք հստակ տվյալներ, որ տվյալ անձը հիվանդ է, նրա հիվանդությունները համապատասխանում են կառավարության որոշման ցանկի հիվանդություններին, իսկ պետությունը չի արձագանքում այդ ահազանգներին, ապա հետագայում, եթե առաջանան անդառնալի հետեւանքներ, պատասխանատվությունը կրում է պետությունը։ Հիմա առկա են բոլոր բավարար հիմքերը պարոն Հովսեփյանի խափանման միջոցն ավելի մեղմ տեսակի փոփոխելու համար։ Դատարանը նշում է, թե կալանքի հետ անհամատեղելիությունը որոշվում է բժշկական համապատասխան եզրակացությամբ, բայց եթե կան թեկուզ մի փոքր կասկածներ, որ այդ հիվանդությունը իսկապես անհամատեղելի է կալանքի հետ, ապա դատարանը այդ պարագայում ոչ թե պետք է առաջնորդվի ֆորմալ գործընթացով, այլ անձի հիմնարար իրավունքով, փոխի խափանման միջոցը եւ նոր նշանակի համապատասխան փորձաքննություն՝ բոլոր կասկածները փարատելու համար։ Եթե մենք ներպետական ատյաններում հաջողության չհասնենք, կդիմենք միջազգային կառույցներին»։
Նրա խոսքով, թե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան, թե կալանքի տակ գտնվող մյուս ամբաստանյալների առողջական վիճակի վատթարացման պատասխանատվությունը կրում է պետությունը. «Արմեն Գրիգորյանի մասով մեծ ցավ ապրեցինք։ Ես անձամբ էի ճանաչում պարոն Գրիգորյանին, որովհետեւ Առուշ Առուշանյանի գործով պարոն Գրիգորյանը հետեւում էր նիստերին։ Կյանքի փոքր հատվածում ես հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվելու, նա հիանալի անձնավորություն էր։ Նրա պարագայում տեղի ունեցավ հենց այն, ինչի մասին ես խոսում էի։ Մեր իշխանությունը պետք է հասկանա, որ ցանկացած քայլ անելիս պետք է հաշվի առնի անձի հիմնարար իրավունքները, որովհետեւ եթե անձնի հիմնարար իրավունքները ոտնահարվում են, մենք իրավական պետություն կոչվելու իրավունք չունենք»։











