Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բարձրաձայնել է ՀՀ-ում քաղբանտարկյալների, ոստիկանական բռնաճնշումների, ԱԺ-ի լեգիտիմության, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հարցերը։
«Մեր ներածական խոսքի առաջին հատվածում խոսել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրների մասին, կարեւորելով կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի վերադարձը բանակցային սեղանին, բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման կարեւորությունը, հիշատակվել է գերիների, մշակութային ժառանգության մասին, ես տեղեկացրեցի նաեւ, որ նամակ էի գրել, որով հանդիպում էի պահանջում հայ ռազմագերիների հետ, որը, սակայն, ՀՀ ԱԺ–ն չուղարկվեց, անդրադարձել ենք նաեւ քաղբանտարկյալների, ոստիկանական բռնաճնշումների, ԱԺ-ի լեգիտիմության հարցերին»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը հարցրել է նաեւ, թե իրենք երբ են կանխատեսում ԱԺ հաջորդ ընտրությունները:
«Իմ պատասխանը հետեւյալն էր, որ 2021-ին ՀՀԿ-ն վերջինն էր ընդդիմադիր դաշտից, որ համաձայնեց այդ ֆարսին, որը կոչվում էր ընտրություններ: Ներկայացվեցին պատճառները, թե ինչու մենք Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցել չէինք կարող: Առաջին հերթին այն բազմաթիվ կեղծիքները, որ իրականացվել են թե ընտրություններից առաջ, թե այդ օրը, ատելության խոսքի տարածումը, մուրճով քարոզարշավը, բանակի եւ վարչական ռեսուրսի օգտագործումը եւ այլն: Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չէին կարող լուծել Հայաստանում քաղաքական ճգնաժամը»,–պատմեց նա։
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահին հետաքրքրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հայ ադրբեջանական բանակցային բազմաշերտ գործընթացների հետ կապված թերացումները։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը չի խոսել վարչապետի կողմից արված հայտարարության վերաբերյալ, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը։
«Պաշտոնական մակարդակում ոչ մի միջազգային կառույց երբեւէ պաշտոնական պահանջ չի ներկայացրել նշաձողի իջեցման։ Փաշինյանի տխրահռչակ ելույթում հիշատակված միջազգային հանրությունը, իմ խորին համոզմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանն են»,– նշեց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











