Համաժողովրդական պայքարի միջոցով Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարականի կամ պաշտոնանկություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Պայքարն այս երկու ուղղություններով պետք է լինի միմյանց լրացնող։ Եթե գնանք իմպիչմենտի ճանապարհով, պետք է բավարարենք օրենքով սահմանված այս երկու պահանջները՝ իրավական եւ քաղաքական հիմքեր ու վարչապետի թեկնածուի առաջադրում։ Նիկոլի հեռացման քաղաքական եւ իրավական հիմքերն ամբողջությամբ ձեւակերպված են։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի միասնական թեկնածու առաջադրելուն, ապա մենք դա որոշելու ենք միասին այս հրապարակում։ Խորհրդարանով պաշտոնանկության գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ ունենանք հաջողության հասնելու համար բավարար հիմքեր։ Այս երկու ճանապարհներն էլ մեզ համար ընդունելի են, բայց մենք կարող ենք հաջողության հասնել միայն լայն ճնշման եւ անհնազանդության միջոցով։ Հստակ եւ թիրախավորված գործողություններով մենք պետք է հասնենք այս չարիքի իշխանության հեռացմանը»,- ներկայացրեք Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ փրկիչներ պետք է չէ փնտրել ոչ Հայաստանում, ոչ էլ Հայաստանից դուրս։ Մեր երկրի ապագան յուրաքանչյուրիս ձեռքերում է։

Հարգելի հայրենակիցներ, փրկիչներ չկան։ Փրկիչներ մի փնտրեք, փնտրեք մարդկանց, որոնք այս պայքարը անձնազոհաբար կտանեն առաջ։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերի սպասելիքները շատ ավելին էին, քան այս պահն ունեցած արդյունքները։ Մենք մեր առջև խնդիր էինք դրել կարճ ժամանակահատվածում հեռացնել այս իշխանություններին, ցավոք, մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված. Հայաստանը դեռևս ղեկավարում է մեր բոլորի համար գոյաբանական վտանգ ներկայացնող անձը։ Սա է պատճառը, որ անցնող ամիսներին մեզ հետ փողոցում պայքարող մեր բազում ընկերներ ինչ-որ տեղ ընկճված են, բայց պետք է արձանագրել բացթողնումները, լուծել խնդիրները եւ գնալ առաջ։ Եթե մարտի ընթացքում ունենում ենք կորուստներ, ինչու ոչ՝ դասալիքներ, չի նշանակում, որ պետք է նահանջենք»,- ընդգծեց Սաղաթելյանը։