Օգոստոսի 2-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մեկնարկից առաջ անձնակազմին հրահանգավորել են ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանն ու պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում պարեկներն արձանագրեցին ճանապարհային երթևեկության կանոնների 344 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 34 անձ։ 65 տրանսպորտային միջոց շահագործվել է տեխնիկական զննություն չանցած, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի վրա տեղադրված էր գերձայնային ազդանշան։ Պարեկներն ուշադրություն են դարձրել նաև վարելիս ծխելու դեպքերին և հայտնաբերել են նման 30 վարորդի։ 5 անձ էլ տուգանվել է փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար։ Բացի այդ, պարեկները տարբեր կասկածանքով ձերբակալել ու Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ են տարել յոթ անձի։ Նմանօրինակ ծառայությունները պարբերական են։