Արարատի մարզի Ջրաշեն գյուղում 3-րդ ամառն է, որ բնակիչները ոռոգման ջուր չունեն։ Գյուղի հարակից տարածքում խոզաբուծարան ու մի քանի այլ ընկերություններ կան, որոնց թափոնները, ըստ գյուղի բնակիչների, լցվում են իրենց ոռոգման խողովակները։
Ոռոգման ջուրը ոչ միայն կեղտոտ է, այլ նաեւ դրանից տհաճ հոտ է գալիս։
Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ ամառվա շոգին ստիպված են լինում տան պատուհանները փակ պահել։
Մեր նկարահանող խումբը ֆիքսել է գյուղի ճահճացած ջրանցքը, որով բնակիչները ստիպված են լինում ոռոգել իրենց այգիներն ու ցանքատարածությունները։
Գյուղի բնակիչ Սուրեն Շահվերդյանը նախկինում կարողանում էր տան բակում մի քանի տեսակի բանջարեղեն ցանել, իսկ այժմ ոռոգման ջրի՝ աղտոտված լինելու պատճառով որեւէ բույս չի աճում.
«Երկու օր ջուր են տալիս, մեկ շաբաթ՝ կտրում։ Երբ ջուրը տալիս են, հերթեր են գոյանում, մարդկանց ջուր չի հասնում, իրար սպանում են։ Գործարար Սամվել Ալեքսանյանի խոզաբուծարանի կերերն են, ինչ-որ դեղեր են լցվում ջրի մեջ։ Ջրանցքը երկու տարի է՝ չեն մաքրում ոնց պետքն է։ Գարշելի հոտ է, լցվում է տները։ Այնպիսի ջուր է գալիս, ինչպես են լվացքն անում, փրփրում է, այդպես էլ այդ ջուրն է, դա գալիս է հողամասերը, դաշտերի վրա, բուսականությունը սկսում է չորանալ։ Մենք այստեղ նախկինում լոլիկ, պղպեղ էինք աճեցնում, որի նման համովը չէր լինում, բայց վերջին տարիներին բուսականությունը չորանում է»։
Գագիկ Շահվերդյանը պատմում է, որ նախկինում ոռոգման ջուրն առատ էր, կարողանում էր իր այգիները ջրել. «Եթե 10-15 տարի առաջ ազատ ջուր էր գալիս, բնակիչները համատարած ջրում էին։ Հիմա մենք չենք կարողանում ջրել այգիները։ Շատ կեղտոտ է ջուրը, զուգարանի հոտը լավն է, քան դրա հոտը։ Վիրուսն այդտեղից է գալիս, թույն է։ Սա ջո՞ւր է, ես սա կարո՞ղ եմ այս ջուրը 150 մետր տանել, որ իմ այգին ջրեմ»։
Բնակիչների խոսքով՝ երբ իրենք բերքը վաճառելիս ասում են՝ Ջրաշենի բերքն է, որեւէ մեկը չի գնում՝ ոռոգման ջրի աղտոտված լինելու պատճառով.
«Այնպես են արել, որ խոզաբուծականի ամբողջ կեղտաջրերը լցվում է ջրանցքը։ Եթե իմանան, որ այս կեղաջրերով մենք ոռոգում ենք անում, մեր ապրանքը չեն առնի»։
«Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ գյուղին ոռոգման ջուրը մատակարարվում է Ազատի ջրամբարից եւ բացառվում է, որ այն աղտոտված վիճակում լցվի խողովակներ։
«Գարնան նախապատրաստական աշխատանքների ժամանակ բոլոր ներտնտեսային ցանցերը, ջրատար առուները մաքրվել են։ Այդ ընկերության կողմից ինչ-որ նյութեր ջրանցք թափելու հարցը կարգավորելը մեր սպասարկման տիրույթում չէ։ Այդ խնդրի մասին բոլորը տեղեկացված են»,- պատասխանեց նա։
Ըստ ընկերության տնօրենի՝ գյուղի ջրամբարն աղտոտում են բնակիչներն եւ հարակից ընկերությունները, որն իրենց սպասարկման տիրույթում չէ։











