3-րդ օրն է՝ Հայաստանից Արցախ երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով։ Եթե մինչև օգոստոսի 30–ը Հայաստանից Արցախ եկողներն անցնում էին Բերձորով, ապա հիմա Սյունիքի մարզի Տեղ գյուղից դուրս գալուց հետո՝ դեպի Բերձոր գնալիս, ռուս խաղաղապահներն առաջին անցակետում զգուշացնում են, որ Լաչինի միջանցքը փակ է, պետք է օգտվել այլընտրանքային ժամանակավոր ճանապարհից, որը շրջանցում է Աղավնոն։  Դեպի Աղավնո գնացող ճանապարհի սկզբնամասում մի քանի այդպիսի անցակետ է տեղադրված։ NEWS.am֊ի թղթակիցը մինչեւ Ստեփանակերտ հասնելը մի քանի ռուսական անցակետ է անցել։ Ռուս խաղաղապահները ստուգում են անձնագրերն ու մեքենաների բեռնախցիկները։ Ժամանակավոր ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է։ Այստեղ, սակայն, շինարարական աշխատանքները շարունակվում են, կառուցվում է նաեւ Սուս եւ Աղավնո գյուղերն իրար կապող ճանապարհ։

Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը։ Նշենք, որ Ադրբեջանի՝ ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 մետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջին շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը: Ներկայումս կամրջի ավարտական շինաշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհի այդ հատվածով ժամանակ առ ժամանակ նաեւ ադրբեջանական մեքենաներն են անցնում։ Դրանք շինարարական մեքենաներ են եւ դրանց երթեւեկությունը կարգավորում են ռուս խաղաղապահները։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Լաչինի միջանցքը փակվել է եւ Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացվում է նոր ժամականավոր երթուղով։ Նախկին ճանապարհը, ինչպես նաեւ նրա հարեւանությամբ գտնվող բնակավայրերը (Բերձոր, Աղավնո եւ Սուս) օգոստսոսի 25-ից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նոր հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Հայկական կողմը շինարարությունը սկսել է օգոստոսից։ Շինարարությունը կավարտվի հաջորդ գարնանը։