Պետական բոլոր մարմինները տեղյակ են Հաղթանակ թաղամասի խնդրին, ժամկետներ են նշել լուծումների համար, բոլոր ժամկետներն անցել են, իսկ խնդիրը մնացել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց Հաղթանակ թաղամասի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց թաղամասի բնակիցների Գեղամ Վլասյանը:
«Մենք ձևակերպել ենք մեր խնդիրների փաթեթն ու պահանջի տեսքով ներկայացնում ենք քաղաքապետարան։ Դրանք են՝ վերանայել հողի նշանակության փոփոխության համար անհիմն գանձումը, թաղամասի բնակիչներին պատկանող հողատարածքների մի մասը ճանաչված են կանաչապատ տարածք, պահանջում ենք սեփականություն հանդիսացող տարածքները վերադարձնել սեփականատերերին, անհապաղ հողի սեփականության իրավունքի ակտերը փոխարինել սեփականության իրավունքի վկայականներով։ Այսօր մենք հողի հարկ չենք կարողանում վճարել։ Հաղթանակ թաղամասի բնակելի տարածքների շուրջ 80 տոկոսը չունեն պետական գրանցում, ինչի հետևանքով սեփականատերը չունի պետության նկատմամբ պարտավորություն, պահանջում ենք անհատույց տալ պետական գրանցում, գանձվող գույքահարկի շնորհիվ կշահի պետական բյուջեն»,-ասաց Վլասյանը։
Նրա խոսքով, տարիների ընթացքում մարդիկ առանց թույլտվության մեծացրել են տունը, արդյունքում այդ շինություններն այսօր համարվում են ինքնակամ։
«Դրա համար այսօր ընդամենը հողի հարկ է վճարվում։ Այս իշխանությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Քաղաքապետի ՔՊ թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, Սուրմալի դեպքերի ֆոնին քարոզչություն էր իրականացնում։ Բայց քարոզչության լավ տեղ ուներ, Հաղթանակ թաղամասում կարող էր գալ, խնդիրները տեսնել ու իր առաջարկները ներկայացնել: Բնականաբար, այնտեղ ավելի հեշտ էր ներկայացնել, քան Հաղթանակ թաղամասում: Ի դեպ, Հաղթանակ թաղամասը Հայաստանում եզակի ինքնաբավ թաղամասերից է, որ կարող է իր կարիքներն ինքնուրույն հոգալ: Նույնիսկ կատակով կարող եմ ասել, որ Վատիկանի պես մեզ անկախություն տվեք, մենք մեր թաղամասը կկարողանանք պաշտպանել, զորքն էլ կարող ենք ունենալ, մեր տնտեսությունն էլ կարող ենք ունենալ, գիտուժն էլ ունենք»,-ասաց Գեղամ Վլասյանը։
Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»:
Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:











