Ես քաղաքական առումով Իշխան Սաղաթելյանին այլևս լուրջ չեմ վերաբերվում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի այն հայտարարություներին, որ պատրաստվում են իմփիչմենտի գործընթաց սկսել։

«Ինքը լուրջ քաղաքական գործիչ չէ, ինքն իրեն սպառել է, իրեն իր գործընկերները տարան և շատ հաջող ձևով «փուռը տվեցին»՝ հա՛մ դաշնակցական գործընկերները, հա՛մ հանրապետական գործընկերները։ Ինչքան բան է ինքը ասել, ուզո՞ւմ եք հերթով ասեմ, ասում էր՝ մեզ մի ժամ մնաց, երկու ժամ, հետո մեկ-երկու օր և այլն։ Ինքը այլևս լուրջ չէ»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ ընդդիմության շարքերում պառակտում տեսնո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց. «Դե պառակտումը որն է, կան Ռոբերտ Քոչարյանի մի քանի հոգին, կան դաշնակցականները, որոնք պարտադրում են իրենց կամքը, որովհետև մեծամասնություն են և կան, այսպես ասած, ֆրիլանսերներ, որոնք փորձում են իրենց առօրյա հարցերը լուծել, բայց մի քիչ մնացել են թակարդի մեջ: Որովհետև ուզում են դուրս գալ այդ ավտոբուսից, բայց պարոն Քոչարյանը ավտոբուսի դռները իրենց համար չի բացում»,- ասաց Սիմոնյանը։