Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության հարցերի հետ կապված՝ Հայաստանում լուրջ խնդիրներ կան։ Այս մասին սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում հաստատվել է քաղաքական մեծամասնության դիկտատուրա, քանի որ ամեն բան կենտրոնացված է մեկ կուսակցության ձեռքում, որի շահերին են ծառայում պետական ռեսուրսները, եւ շատ հարցեր լուծվում են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։

«Հայաստանում կա՞ խորհրդարանական վերահսկողություն։ Հնչո՞ւմ է որեւէ քննադատություն կառավարող մեծամասնության կողմից կառավարության հասցեին, որի ղեկավարը պատգամավորներին դիտում է որպես իր աշխատակիցների։ Ակնհայտ է, որ պատգամավորներն ինքնուրույնություն չունեն, չկան քաղաքական բախումներ։ Ամենակարեւոր օրենքներն ընդունվում են 1-2 օրում, որպեսզի հանրային դժգոհություն չառաջացնեն։ Չկա հասարակական հաշվետվողականություն հատկապես անվտանգության հարցերում։

Ի՞նչ մանդատ են ստացել իշխանությունները ժողովրդից։ Հազիվ թե դա կապված լինի այն բանի հետ, որպեսզի նրանք արդարացնեն ադրբեջանցիների հանցագործությունները, սպառնալիքի տակ դնեն ամբողջ քաղաքներ, եւ այս ամենը՝ «խաղաղության» մասին կարգախոսի տակ։ Քաղաքական համակարգը ժողովրդին չի ծառայում»,- նշել է Թաթոյանը։

Նա տեղեկացրել է  Իրավունքի եւ արդարության կենտրոնի ստեղծման մասին։

«Հիմնադրամի հիմնական նպատակներն են ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքների գերակայության, սոցիալական արդարության եւ անվտանգության ապահովումը, գիտահետազոտական գործունեությունը, հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, բազմակարծության եւ հանրային համերաշխության ապահովումը, համահայկական հանդուրժողականության ապահովումը Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միջեւ, ազգային արժեքների պաշտպանությունը։

Կազմակերպությունը կազմված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախկին աշխատակիցներից, ֆինանսավորվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրոպայի սփյուռքի հայրենակիցների կողմից եւ կապված չէ որեւէ օլիգարխի հետ»,- ընդգծել է նախկին օմբուդսմենը։

Նա տեղեկացրել է, որ ներկա պահին ներգրավված չէ որեւէ քաղաքական գործընթացում, իսկ հանրահավաքը խորհրդարանի շենքի մոտ Փաշինյանի ռեզոնանսային հայտարարությունից հետո նա ինքնաբուխ է անվանել։

«Այդ օրն իմ արած հայտարարությունները կապված չեն կուսակցական գործունեության հետ։ Եթե ես այդ գործունեությունը նպատակահարմար համարեմ, ապա ինքս կհայտարարեմ այդ մասին։ Ամենագլխավորը մեզ համար հանրային հանդուրժողականությունն է։ Մենք չպետք է ներքին թշնամիներ ունենանք։ Պառակտումը երկրի ներսում հանգեցրել է պառակտման սփյուռքում։ Մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե ինչ է լինելու հետո, իսկ մեր երկրում ամբողջ դիսկուրսը հանգեցվում է աթոռակռվի։ Կարեւոր է առաջնորդվել ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ զբաղվել երկրում խնդիրները լուծելով»,- ասել է Թաթոյանը։