Այն հայաստանում հակառուսական հիստերիան, որը տարվում է իշխանության ուղղորդմամբ, ես չեմ հասկանում, այդ մարդիկ ընդհանրապես պատասխանատվություն չեն զգո՞ւմ հետագա զոհերի ու ավերածությունների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

«Փելոսիի այցի ժամանակ էյֆորիան մտավ հայ հասարակություն: Փելոսին հասավ Վաշինգտոն, մոռացել է արդեն Հայաստանի մասին: Ընտրություններ են, հայամետ գործիչ է, եկավ, գնաց, մենք ինչո՞վ ենք զբաղված: 100 տարին մեկ մենք պետք է նույն սխալները կրկնե՞նք»,-ասաց նա:

Հարցին, թե այս պահին ովքեր են Հայաստանի ռեալ դաշնակիցները, փորձագետը պատասխանեց. «Մենք գտնվում ենք ՀԱՊԿ անվտանգային համակարգում, մենք բոլորս հասկանում ենք ՀԱՊԿ-ի խնդիրները, ռուսական բազան գտնվում է Գյումրիում, եւ վերջապես, Արցախի հայության ֆիզիկական անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորամիավորումը: Կան փաստեր գետնի վրա, պետական մտածողությունը հենց նրա համար է, որ գետնի վրայի փաստերն ավելի կարեւոր են, քան օվկիանոսի այն կողմից հնչող բարի խոսքերը: 21-րդ դարում շատ ընդունված են ՄԱԿ-ի լավ բանաձեւերի ընդունելը, կոչերը, գովեստի խոսքերը, գեղեցիկ ֆեյսբուքյան գրառումները: Աստված չանի, պատերազմ լինի, մենք այդ ամենը դրսից տեսնելու ենք, ռեալը յն է, որ ռուսական զորքն այստեղ է, կան ՀԱՊԿ-ի ինչ-որ կիսատ մեխանիզմները:

Չի կարելի ոտքի վրա արկածախնդրային փոխել եւ շանտաժով խոսել այն անվտանգային համակարգի հետ, որում դու գտնվում ես: Կարողանում ես՝ առավելագույնը ստացիր, չես կարողանում՝ իրավունք չունես ոտքի վրա նման փոփոխություն անելու, դու միլիոնավոր մարդկանց կյանքի հետ ես խաղում»:

Ինչ վերաբերում է արտաքին կուրսի փոփոխությանը, Վահե Հովհաննիսյանն ասաց. «Արտաքին կուրսի փոփոխությունը մեկ օրում չի լինում, բայց արկածախնդրություն արտաքին կուրսի փոփոխության մասով, ակնհայտ է, որ գնում է հակառուսական, հակաՀԱՊԿյան շանտաժ, որը լավ բանի չի բերելու: Ես երեկ տեսա խոշոր գործարարների հայտարարությունը՝ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, դա բան չի փոխելու, բայց գոնե բիզնես էլիտան արձագանքում է: Ես շատ կուզեմ, որ տիտղոսային ընդդիմությունն արձագանքի, այդ բացը կա: Մարդիկ չեն հասկանում, փելոսիական էյֆորիայի մեջ են:

Երբ իշխանությունը խնդիր է դնում հանրային տրամադրություններ փոխելու, շատ հեշտ է: Մի քանի եթեր, մի քանի ֆեյք լուրեր, մի քանի ձեւակերպումներ եւ մեկ էլ տեսնում ես՝ մարդկանց մոտ խմորումներ են գնում: Վերջապես չի կարելի կողք քաշված, Փարիզի սրճարանում նստելու պոզայով քննարկել՝ պատերազմ կլինի, թե չի լինի: Եթե պատերազմ լինի, պետությունը չի լինելու: Կորստի հանդեպ մեր ժողովուրդը շատ անտարբեր է»,-ասաց նա:

Փորձագետը նկատեց, որ աայս վիճակը անցած ընտրությունների արդյունքներն են. «Մեր հասարակությունը դա էլ չի հասկանում, որ իր քվեն որոշում է իր մի տարի հետոյի կյանքը: 2021-ի ընտրությունների արդյունքում մենք ունենք սա: Չլիներ էս արդյունքը, սա չէր լինելու, որովհետեւ չկար որեւէ իրական նախապայման հայ-ադրբեջանական նոր պատերազմի: Կային բարդ բանակցությունների, լոկալ ընդհարումների, դիրքային ինչ-որ հաջողությունների հավանականություն, բայց խոշոր լայնամասշտաբ պատերազմի հիմք չկար, իսկ այսօր կա»: