Ադրբեջանի խնդիրը պարզ է՝ վերացնել ամբողջ Հայաստանը, դրան գնում է քայլ առ քայլ, որ մաքսիմալ քիչ դիմադրության հանդիպի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Հրադադարը ժամանակավորապես տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայկական կողմը կրել է մարդկային, ռազմավարական նշանակության տարածքային ահռելի կորուստներ եւ դրանք հետ չի բերել։ Երբեմն նաեւ զավեշտի է հասնում, որ մարդիկ ասում են՝ Էրդողանը ասել է, որ Ալիեւն իրեն ասել է, որ դրված նպատակներին հասել են եւ այժմ այլեւս չեն կրակում, դա նույնիսկ ամոթաբեր է։ Մտահոգիչ է ինչպես Ջերմուկը, այնպես էլ առհասարակ Սեւանի լեռները։ Երբ Սեւանա լիճ բացվող կադրերը տեսնում եք, այս լեռների գագաթից են նկարված։ Սեւանի հարավարեւելյան ափին բնակությունը բարդացնում է, նույն ձեւ Կապանի հատվածում է՝ Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ։ Եթե հիմա զորքերով փորձեն սրընթաց արշավել դեպի Երեւան, պարզ է, որ անգամ այսպիսի իշխանությունների պարագայում ճարահատյալ մոբիլիզացիա կարվի, որովհետեւ եթե չունես երկիր, իշխանություն էլ չես ունենա»,- նկատեց քաղաքագետը։

Էդգար Էլբակյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները մարդկանց զգոնությունը բթացնում են, ասելով, թե ոչ մի բնակավայր թշնամու վերահսկողության տակ չէ. «Նախ պետք է բացատրել, թե այդ դեպքում որտեղից ադրբեջանական կողմին կադրերը հայկական զորամասի շենքերի ներսից։ Ենթադրենք, որ բնակավայրը վերահսկողության տակ չէ, բայց եթե բնակավայրի ջրի ակունքներն են իրենց վերահսկողության, իրենք Վերին Շորժայի դեպքում օրինակ՝ 700-750 մետր է առաջին տներից հեռու»։

Քաղաքագետն ընդգծեց, որ ցանկացած պետության առաջնային պարտավորությունն է՝ ապահովել տարածքային ամբողջականությունը, մարդկանց իրավունքների պաշտպանությունը. «Մենք 30 տարի անց ունենք ներքին տեղահանված անձինք. մենք վերջին անգամ ունեցել ենք 1992 թվականին՝ Արծվաշենից»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։