Ցավոք, մենք շարունակում ենք դառնալ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ գործունեության վկաները։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ սեպտեմբերի 23-ին ասել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ մեկնաբանելով «Եռաբլուրի» վերջին աղմկահարույց միջադեպը։

Ոստիկանությունը, ավագանու անդամի խոսքով, շարունակում է գործել նախկինի պես։ Այս խնդիրը, նրա կարծիքով, կարող է լուծվել միայն խոր համակարգային բարեփոխումների իրականացման ճանապարհով։

«Իմ կարծիքով՝ պարեկայինների մասով այդ խնդիրն արդեն կարելի է լուծված համարել։ Բայց ոստիկանության մնացած ստորաբաժանումները նույնպես  պետք է բարեփոխվեն։ Ոստիկանության աշխատակիցը, օրինակ, պետք է կարողանա հաշվի առնել կոնկրետ խնդրի նրբությունները եւ առանձնահատկությունները եւ տեղում լուծել դրանք»,- ասել է Խաժակյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք ինքը պատահածի մեջ տեսնում է գործող իշխանության մեղքը, ավագանու անդամը  բացասական պատասխան է տվել։

«Իմ երեւակայության մեջ չի կարող տեղավորվել այն, որ ինչ-որ քաղաքական գործիչ Հայաստանում, լինի ընդդիմությունից կամ իշխանությունից, կկարողանա ուժայիններին նման քաղաքականացված հրաման տալ։ Ավելի շուտ՝ հակառակը։ Քաղաքական գործիչները հաճախ շատ ավելի մեծ ուշադրություն եւ սրտակցություն են հատկացնում նման հարցերին։ Այնպես որ, եթե նրանք անձամբ զբաղվեին այդ ամենով, դրանց հանդեպ վերաբերմունքը բոլորովին այլ կլիներ»,- ասել է Խաժակյանը։

Նա բոլորին կոչ է արել սպասել ծառայողական քննության արդյունքներին, որը նախաձեռնել է ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը։ Ոստիկանության գործող պետի անհապաղ պաշտոնանկության հարցը նա ժամանակավրեպ է համարում։

«Այն, ինչ տեղի ունեցավ «Եռաբլուրում», շատ ցավալի միջադեպ է։ Ես նաեւ պետք է ասեմ, որ «Եռաբլուրը» քաղաքական տարբեր ուժերի համար վերածվել է մի ինչ-որ «կռվախնձորի»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նա համոզված է, որ  պետության ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը, ի դեպ, ինչպես եւ  ցանկացած այլ քաղաքացի, իրավունք ունի այցելել զինվորական գերեզմանատուն եւ ծաղիկներ դնել զոհվածների գերեզմաններին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել զոհվածների եւ անհայտ կորածների ծնողներին՝ այդ կերպ փորձելով մաքրել ճանապարհը Նիկոլ Փաշինյանի համար։ Մինչ այդ ծնողները հայտարարել էին, որ թույլ չեն տա Փաշինյանին «պղծել իրենց երեխաների գերեզմաններն իր ներկայությամբ»։