Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվում է գործով վկա Կարեն Առուստամյանը, որն Իշխանյանի հետ ծառայողական հարաբերությունների մեջ է։

Գործով վկան պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 8-ին իրենք անցել են պաշտպանության, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, մարտական գործողություններն ընթացել են հեռահար եւ հրետանու միջոցներով. «Արդեն ամսի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի ուժերով սկզբից ներթափանցում է իրականացրել Հադրութ, Նորաշեն ուղղություններով։ Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հագած են եղել հայկական համազգեստներ եւ խոսել են հայերեն։ Ամսի 10-ին ստորաբաժանումները կրելով կորուստներ՝ նահանջել են։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ Իշխան Վահանյանը վիրավորում է ստացել, թողել է տեղանքն ու հայտնվել հոսպիտալում»։

Դատախազի հարցին՝ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարո՞ղ են պատերազմական իրավիճակում ընդգրկվել մարտական հերթապահության, վկան պատասխանեց.

«Կա փաստաթուղթ, որ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են ներգրավվել»։

Դատախազի այն հարցին, եթե զինծառայողը զինվորական երդում չի տվել, կարո՞ղ է ընդգրկվել մարտական գործողություններին, վկան պատասխանեց, որ իրեն հայտնի չի եղել, որ 5-րդ գումարտակի զինծառայողները զինվորական երդում դեռեւս տված չեն եղել։

Գործով վկայի այդ պատասխանը վրդովեցրեց զոհված զինծառայողի մորը. «Սուտ է խոսում։ Ինքը եկել է այստեղ, որ ճիշտը պատմի, ոչ թե ստի։ Այն, ինչը ինքն այստեղ պատմում է, ես անգիր գիտեմ։ Հյուրանոցում որ աչքդ հանեցինք, այդ ես էի, ոչխարի սերունդ»։

Դատարանը նկատողություն հայտարարեց զոհված զինծառայողի մորը, ինչից հետո հինգ րոպե ընդմիջում հայտարարեց։

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Արմենի Վահանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով ՊԲ զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանն այդ օրը Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը։

Իշխան Վահանյանի կողմից դրսեւորված իշխանության անգործության հեեւանքով զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ: