«Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, բաց է թողնվել  «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների առաջին խումբը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բնության համաշխարհային հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

2013 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների եւ բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Երկար տարիներ Հայաստանից բացակայած ազնվացեղ եղջերուն վերադարձավ Հայաստան 2018 թվականին: Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ (երեք առաձնյակ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից):

Կենտրոնում արդեն իսկ ծնվել է 21 ձագ։ Եղջերուների առաջին խմբի արձակումից հետո, նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բացթողում բնություն։