Այս նախագծով մենք ուզում ենք օգտվել այն հնարավորություններից, որը կա աշխարհում, այսինքն լուծել միանգամից երկու հարց՝ լուծել իմիգրացիայի հարցը, այսինքն որոշակի կատեգորիայի մարդկանց դարձնելով ՀՀ քաղաքացի, որոնք կարող են ՀՀ տնտեսության մեջ մեծ դեր կատարել, նաեւ մշակույթի, արվեստի, գիտության ոլորտներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով օենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն տալ այն մարդկանց, որոնք 150 հազար դոլարից ավելի ներդրում կանեն Հայաստանում:

«Ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսությունը զարգացնելը եւս շատ կարեւոր է մեզ համար, եւ այդ առումով առաջարկն այսօր այսպիսին է: Բնականաբար, նախագիծն ավելի կոմպակտ տեսքի կգա մինչեւ ընդունվելը»,-ասաց նա:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ այդ ներդրումները կանեն թուրքերն ու ադրբեջանցիները եւ կդառնան ՀՀ քաղաքացի, Քերոբյանը պատասխանեց. «Խոսքն այն մասին չէ, որ ով դիմի կստանա ՀՀ քաղաքացիություն: Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե ԱԱԾ-ի, թե ոստիկանության կողմից կատարվելու են, եւ ես կարծում եմ, որ այդ մտավախությունները այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն եւ չենք ունենա իրավիճակ, որով կունենանք չափազանց շատ երկքաղաքացիներ՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող: Ես վստահ եմ, որ կչեզոքացվեն ցանկացած կասկածելի կամ վտանգավոր դեպքերը»:

Ճշտող հարցին՝ կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանը ասաց․

«Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։