Պայմանագրային նախկին զինծառայող Հայկ Մանուկյանը հունիսից զրկվել է զինհաշմանդամության երրորդ կարգից ու 42 հազար դրամ կենսաթոշակից։ 2016 թվականից պայմանագրային ծառայության անցած Հայկի մոտ ախտորոշվել է թունավոր զոբ, 2019–ին նա վիրահատվել է ու ստացել զինհաշմանդամության երրորդ կարգ, բայց ամիսներ առաջ զրկվել է կենսաթոշակից։
«Պաշտպանության նախարարությունից ասում են, որ այլեւս չեն կարող զինհաշմանդամության կարգ տալ, պատճառաբանելով, թե արդեն առողջ եմ։ Եթե առողջ եմ, ուրեմն թող դա վկայող թուղթ տան, որ ես կարողանամ շարունակել ծառայությունս, բայց ՊՆ–ից ասում են՝ իրավասու չեն նման թուղթ տալ։ Զինգրքույկումս գրված է, որ չեմ կարող շարունակել ծառայությունը, բայց եթե այդ հնարավորությունն ինձ տրվի, ես պատրաստ եմ ծառայել։
Երկու տարի է՝ հոգեկանս խառնված է, գիշեր–ցերեկ չունեմ, վատանում եմ, ասում են՝ պետք է հետազոտություններ անցնես, բայց ես այդքան հնարավորություն չունեմ։ Ինձ թող հստակ ասեն, թե ինչու են կտրել թոշակս, որովհետեւ շատերինն են կտրել, չգիտեմ՝ ինչու է կառավարությունը նման որոշում կայացրել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Մանուկյանը։
Հայկն ապրում է Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում։ Նրա երեք անչափահաս երեխաների մոտ ախտորոշվել է նեյրոֆիբրոմատոզ հիվանդությունը։ Ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի. մայրը երեք անչափահաս երեխաների հետ չի կարող աշխատել, իսկ Հայկի աշխատած գումարն էլ չի բավարարում կենցաղային կարիքները եւ հիվանդանոցային ծախսերը հոգալու համար։
Երեք անչափահասների մոր՝ Մերիի խոսքով՝ երեք երեխաներից միայն երկուսն են թոշակ ստանում, իակ ամիսներ առաջ էլ նրանք են զրկվել պետպատվերից։
«Օգոստոսին, երբ երեքին էլ հերթագրեցի նյարդաբանի մոտ, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ինձ հետ կապվեցին ու տեղեկացրին, որ պետպատվերը չեղարկվել է, Առողջապահության նախարարությունից ամուսնուս ասել են, թե բժշկական կենտրոնը թղթերը չի ներկայացրել, որ իրենք էլ պետպատվերի գումարը վճարեն, դե «Արաբկիրն» էլ ոչ մի պարզաբնաւոմ չի տալիս, ասում է՝ հանված է պետպատվերը, սպասեք մյուս տարվան»,– ասաց Մերին։
Հայկ Մանուկյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել հետեւյալ համարով՝ 093 92 55 48











