«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ որդեգրում է նոր տեսլական. եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը: Այս մասին ՔՊ կուսակցության 6-րդ համագումարում ասաց  կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Այդ համակարգը պիտի երաշխավորի, որ Լեռնային Ղարաբաղի հայրեը ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի: Հարցի կարգավորման որեւէ լուծում անհնար է առանց ԼՂ-ի համապատասխան ներգրավվածության: Պատերազմը և դրա հետևանքներն ավելի սրեցին Հայաստանի արտաքին անվտանգության խոցելիությունը: ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը  մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար: Եվ այս սպառնալիքները պետք է կառավարել և վերացնել: Համոզված ենք, որ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարևանների համար, իսկ հարևանները չպետք է սպառնալիքի աղբյուր լինեն Հայաստանի համար»,-ասաց նա:

Ռուբինյանի խոսքով՝ երկրի պաշտպանունակության բարձրացումը որևէ կերպ չի հակասում այդ տեսլականին, ավելին՝ այն դրա անբաժանելի մասն է: