Հայաստանում 2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերը զգալիորեն կավելանան։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Դրանց գումարը, ըստ նախարարի, կկազմի մոտ 548 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա կապիտալ ծախսերը կգերազանցի 49 տոկոսով։ Այսպիսով, կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ 5,9 տոկոս նիշին, ինչը 1,5 տոկոսով ավելին է, քան 2022թ.։

«Նման մակարդակը նախատեսվում է պահպանել նաեւ գալիք տարիներին, ինչն արդեն բարձր ցուցանիշ է։ Բոլոր կապիտալ ծախսերի երեք քառորդը կուղղվի  պաշտպանական ենթակառուցվածքի, ինչպես նաեւ անվտանգության ֆինանսավորմանը»,- ասել է Խաչատրյանը։